Մեր հայորդու քայլը չունի պարզաբանման կարիք. ֆեդերացիան` «Ադրբեջան» բառը փակելու մասին

Հունվարի 7-ին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարեց, որ գերատեսչությունը դիմել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիա՝ հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի - Sputnik. Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան արձագանքել է Tour de ski մրցաշարի ժամանակ հայ դահուկավազորդի համազգեստի վրա «Ադրբեջան» գրվածքը փակելու վերաբերյալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հարցմանը: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը, որը հրապարակել է և՛ հարցումը, և՛ իրենց պատասխանը:
Ինչպես հայտնի է, դահուկավազորդ Միքայել Միքայելյանը տուգանվել է FIS-ի կողմից՝ Tour de Ski-ի ժամանակ իր կոստյումի վրա «Ադրբեջան» գրությունը (մրցաշարը հովանավորում է Ադրբեջանը) կպչուն ժապավենով ծածկելու համար։ Դեպքը տեղի է ունեցել Իտալիայի Տոբլաչ քաղաքում՝ մրցարշավներից մեկի ժամանակ։ Դահուկավազքի կոստյումների վրա ադրբեջանական գովազդից բացի, Tour de Ski-ի ողջ ընթացքում ցուցադրվել են երկրի անունով մեծ գովազդային վահանակներ։
Հունվարի 7-ին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարեց, որ գերատեսչությունը դիմել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիա՝ պարզելու, թե ինչ խնդիր է եղել դահուկավազորդ Միքայել Միքայելյանի կոստյումի վրա «Ադրբեջան» գրության և այն փակելու հետ կապված։
ԿԳՄՍՆ–ի հարցումը
«Տեղեկացնում ենք, որ ձեր կողմից նշված Tour de ski-ն պարզապես մրցաշար չէ, այլ դահուկավազքի աշխարհի գավաթի փուլերից մեկը: «Ադրբեջան» գրառումը եղել է ոչ թե մարզաշապիկի, այլ մրցումային համարի վրա: Մեր հայորդու քայլը առավել քան պարզ է, և կարծում ենք, որ չունի պարզաբանման կարիք»,- ի պատասխան ԿԳՄՍՆ հարցման՝ հայտնել են ֆեդերացիայից:
Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի պատասխանը
Հիշեցնենք, որ իր ասուլիսի ժամանակ ՀՀ ԿԳՄՍ նախարարը նշել էր, թե տեղյակ են միջադեպից ու հավելել՝ այնուամենայնիվ, սպորտը պետք է սպորտի մասին լինի: Նա նաև ընդգծել էր, որ ֆեդերացիայից պարզաբանում ստանալուն պես կհասկանան իրենց հաջորդ քայլերի ձեռնարկման նպատակահարմարությունը։
Հավելենք, որ Միքայելյանի տուգանքի չափը չէր նշվում, սակայն ՀՀ դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը հունվարի 6-ին հայտարարեց, որ ֆեդերացիան կվճարի այդ տուգանքը։