ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի - Sputnik. Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան ճանապարհը, ժամը 17։35-ի դրությամբ, փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Նշվում է, որ պատճառը անբարենպաստ եղանակային պայմաններն են։
«Ժամը 17:00-ի դրությամբ Վարդենյաց և Քեթիի լեռնանցքները փակ են միայն կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Վայքի և Մեղրիի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Ապարանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհային դեպարտամենտից վստահեցնում են, որ ճանապարհաշինարարներն իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ` միաժամանակ վարորդներին հորդորելով լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։