ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի - Sputnik. Իրանի Ղոմ քաղաքում երկու ոստիկան է մահացել դանակի հարվածներից: Այս մասին գրում է Tasnim գործակալությունը:
Նշվում է, որ ըստ տեղեկությունների՝ իրավապահ մարմինների 2 աշխատակիցները սպանվել են Ղոմում զանգվածային անկարգությունների մասնակիցների հետ բախումների ժամանակ:
«Տեղական դատախազության տվյալներով՝ ոստիկանների վրա հարձակվել են, երբ նրանք փորձել են բացատրել խախտողներին խաղաղ ցույցի և բռնության տարբերությունը: Երկուսն էլ ստացել են դանակի ավելի քան 40 հարված»,- գրում է կայքը:
Գործակալությունը նաև հայտնում է, որ վերջին բախումների ընթացքում ձերբակալվել են զինված խմբերի մոտ 200 առաջնորդներ և կազմակերպիչներ։
Ձերբակալվածներից առգրավվել է մեծ քանակությամբ զենք, զինամթերք, նռնակներ և Մոլոտովի կոկտեյլներ:
Տեղեկությունների համաձայն՝ հենց այս ձերբակալություններն են մասամբ նպաստել, որ հունվարի 9-ի համեմատ անկարգությունների ինտենսիվությունը նվազի։
Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:
Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։