ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի խնդրանքով ազատ է արձակել կալանված «Մարիներա» լցանավի անձնակազմի երկու ՌԴ քաղաքացիների։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք ողջունում ենք այս որոշումը և երախտագիտություն հայտնում ԱՄՆ ղեկավարությանը։ Սկսում ենք շտապ լուծել հայրենիք մեր հայրենակիցների արագ վերադարձն ապահովելու հետ կապված բոլոր հարցերը»,- ասել է նա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ զինվորականները մի քանի օր հետապնդել են լցանավը Հյուսիսային Ատլանտյան օվկիանոսի ջրերում։ Հունվարի 7-ին նրանք իջել են նավի վրա, որից հետո անձնակազմի հետ կապը կորել է։
ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ լցանավը խախտել է ԱՄՆ պատժամիջոցային ռեժիմը։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լևիտը հայտնել է, որ նավի համար դատարանի որոշմամբ կալանավորման օրդեր է ներկայացվել։
Միևնույն ժամանակ ՌԴ տրանսպորտի նախարարությունը նշել է, որ բաց ծովում ամերիկացի զինվորականների` «Մարիներա» լցանավի վրա հայտնվելը հակասում է 1982 թվականի Ծովային իրավունքի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթներին։