Լոռու մարզում նկատված եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ

Եղջերուների տեղաշարժը տեսահսկվում է ռադիովզկապի միջոցով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի - Sputnik. Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
Նման որոշում է կայացվել՝ մարդու միջամտությունից բխող հնարավոր վնասները կանխելու նպատակով։
«Քաղաքացիների կողմից կենդանու հետ անմիջական շփումը, կերակրման կամ նկարահանման փորձերը խաթարում են նրա բնական վարքը և կարող են առաջացնել անվտանգության ռիսկեր թե՛ մարդու, և թե՛ կենդանու համար։ Վայրի կենդանին, անգամ խաղաղ պահվածքի դեպքում, կարող է առանց դիտավորության վնաս հասցնել»,- ասված է հաղորդագրությունում։
Նախարարությունից նաև հիշեցրել են՝ եղջերուների տեղաշարժը հսկվում է ռադիովզկապով։ Գերատեսչությունից ընդգծում են՝ կենդանիները պետական պահպանության ներքո են, և դրանց վնասումը ենթադրում է օրենքով սահմանված պատասխանատվություն։
Ազնվացեղ եղջերուին վնասելու դեպքում պետությանը պատճառված վնասը հաշվարկվելու է 15 մլն դրամ, ինչպես նաև սահմանված են պատասխանատվության միջոցներ ՀՀ Քրեական օրենսգրքի 386-րդ հոդվածով (ապօրինի որս)։
«Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագիրը 2013 թվականից ի վեր իրականացվում է WWF-Հայաստանի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում հայտնաբերվել էր փոսի մեջ տերևներով թաքցված կենդանու վզկապ (ռադիոնավիգացիոն ընդունիչով)` կտրված և կիսահալված վիճակում։
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը դեկտեմբերի 29-ին հայտնել էր, որ «Դիլիջան» ազգային պարկում բաց թողնված ազնվացեղ եղջերուի անհետացման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։