ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) այսօր հայտնել է Լիբանանում «Հզբոլլահի» թիրախներին հարվածների նոր ալիքի մասին՝ շարժմանը մեղադրելով հրադադարի պայմանավորվածությունները խախտելու մեջ: Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։
«Որոշ ժամանակ առաջ, ի պատասխան «Հզբոլլահի» կողմից հրադադարի մասին պայմանավորվածությունների շարունակական խախտումների, ՑԱԽԱԼ-ը սկսել է հարվածներ հասցնել Լիբանանում «Հզբոլլահի» ահաբեկչական թիրախներին», - ասված է հաղորդագրության մեջ:
Համաձայն կարգավորման ամերիկյան ծրագրի՝ 2024 թվականի նոյեմբերի 27-ի գիշերը Իսրայելի և Լիբանանի միջև գրեթե 14 ամիս շարունակվող էսկալացիայից հետո ուժի մեջ է մտել հրադադարի ռեժիմը: Ըստ պլանի, հրադադարից հետո՝ 60 օրվա ընթացքում, Լիբանանի բանակը պետք է զբաղեցներ երկրի հարավային մասի տարածքները, իսկ «Հզբոլլահի» ուժերն ու ենթակառուցվածքները պետք է հետ քաշվեին Լիտանի գետից հյուսիս, որը տարբեր տեղամասերում հոսում է Իսրայելի հետ սահմանից 20-30 կմ հեռավորության վրա: Իսրայելն այդ ընթացքում պետք է ամբողջությամբ դուրս բերեր իր զինված ուժերը Լիբանանի տարածքից, ընդ որում, Իսրայելն իրեն իրավունք էր վերապահում պատասխանել «Հզբոլլահի» կողմից հրադադարի պայմանների ցանկացած խախտման:
Այս ժամանակահատվածից հետո Իսրայելը զորքերը դուրս է բերել Լիբանանից, բայց այդ երկրի հինգ սահմանային դիրքերում պահել է ռազմական ներկայությունը: Լիբանանի բանակն, իր հերթին, նույնպես չի կարողացել ամբողջությամբ ապահովել «Հզբոլլահի» հետքաշումը Լիտանիից հյուսիս և ապամոնտաժել շարժման ենթակառուցվածքը: