ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Հայաստանում 2025–2026 թթ. ուսումնական տարում միանգամից 2–րդ դասարան ընդգրկված երեխաների մոտ առկա են 1–ին և 2–րդ դասարանների կրթական ծրագրերով նախատեսված ուսումնական նյութի յուրացման հետ կապված դժվարություններ, հոգեբանական խնդիրներ: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է արել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
«Մասնավորապես, քանի որ միանգամից 2-րդ դասարանում սովորող երեխաները չեն հաճախել 1-ին դասարան, 1-ին դասարանի կրթական նյութի ուսումնասիրությունն իրականացվում է 2-րդ դասարանի կրթական նյութին զուգահեռ, և այն լիարժեք կերպով յուրացնելու համար երեխաներն այցելում եմ երկարօրյա խմբեր, հաճախում եմ լրացուցիչ դասընթացների, ինչի արդյունքում հաճախ զրկվում են իրենց տարիքին և զարգացմանը համապատասխան խաղի, հանգստի և լիարժեք ժամանցի հնարավորությունից»,– ասված է ՄԻՊ հաղորդագրության մեջ:
Արձանագրվել է նաև, որ որոշ երեխաների մոտ ի հայտ են եկել հոգեբանական խնդիրներ, նրանցից շատերը հաճախ պնդել են, որ իրենց մոտ ոչինչ չի ստացվում, իրենք չեն կարողանում կատարել իրենց տրված հանձնարարությունները:
Օմբուդսմենի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հանրակրթության մեջ միանգամից 2-րդ դասարան ընդգրկված երեխաների մոտ առկա են վախի, անհանգստության, սեփական ուժերի նկատմամբ անվստահության զգացումներ, լացի, հուզական լարվածության դրսևորումներ, որոնք արտահայտվում են ուսումնական նյութի յուրացման և առաջադրանքների կատարման գործընթացում:
«Աշակերտների մոտ առկա են նաև համադասարանցիների հետ շփման խնդիրներ, երեխաներն իրենց զգում են մյուսներից առանձնացված, քանի որ նրանցից շատերն իրենց համադասարանցիների պես չեն կարողանում գրել և հաշվել, իսկ իրենց համար նախատեսված ուսումնական լրացուցիչ նյութի ուսումնասիրությունն իրականացվում է խիստ սեղմ ժամկետում, և երեխաները միշտ չէ, որ հասցնում են այն յուրացնել»,– ընդգծել է Մանասյանը:
Անահիտ Մանասյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն առաջարկել է միջոցներ ձեռնարկել՝ օրենսդրական դաշտի կատարելագործման և գործնականում հանրակրթության մեջ ընդգրկվելու գործընթացում երեխաների համար հոգեբանական, սոցիալական, ճանաչողական և այլ դժվարություններից զերծ կրթական միջավայրի ապահովման, նախադպրոցական կրթության, հանգստի և ժամանցի իրավունքների, ինչպես նաև երեխաների հետ աշխատող մասնագետների պատշաճ պատրաստվածության երաշխավորման ուղղությամբ:
Նշվում է, որ պաշտպանը նախարարությանն առաջարկել է նաև անհատական մոտեցում ցուցաբերել հանրակրթության մեջ տարիքային խմբին համապատասխան միանգամից 2–րդ դասարան ընդգրկված յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի կազմակերպման գործընթացը երեխայի լավագույն շահին համապատասխանեցնելու ուղղությամբ:
«Կրթությունը պետք է լինի երեխայակենտրոն և նպատակ ունենա ոչ միայն փոխանցելու գիտելիքներ, այլ նաև երեխայի կյանքի համար անհրաժեշտ հմտություններ, ուժեղացնելու նրա կարողությունները, զարգացնելու արժանապատվության զգացումն ու ինքնավստահությունը»,– ասված է պաշտպանի հաղորդագրության մեջ:
Ի դեպ, պաշտպանը նաև խնդիրներ է արձանագրել երեխաների հետ աշխատող մասնագետների հմտությունների, կարողությունների և երեխաների հետ աշխատանքի ընթացքում կիրառվող մեթոդաբանության դիտանկյունից: Բացի այդ, արձանագրվել է, որ ՀՀ մարզերի մի շարք բնակավայրերում ընդհանրապես բացակայում են նախադպրոցական ուսումնական հաստատությունները կամ դրանց քանակը բավարար չէ:
ՀՀ ԿԳՄՍՆ–ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ խնդրի առնչությամբ մեկնաբանություն կտան ավելի ուշ։