Բելգիայում ֆերմերներն արգելափակել են մայրուղիները. տեսանյութ

Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ գյուղմթերք արտադրողներն արգելափակել են առնվազն 16 առանցքային տրանսպորտային հանգույց և սահմանային անցակետ:
Sputnik
Բելգիացի ֆերմերները փակել են մի շարք մայրուղիներ՝ բողոքելով ԵՄ-ի և «Մերկոսուրի» միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի դեմ։ Տեղեկությունը հայտնում է «Belga» գործակալությունը:
Չնայած ձմեռային եղանակին, ֆերմերները տրակտորների միջոցով ակցիաներ են կազմակերպել Վալոնիայի ճանապարհային ցանցի ռազմավարական կարևոր կետերում: Բողոքի ակտիվությունը կտրուկ մեծացել է վերջին օրերին՝ Եվրամիության կողմից համաձայնագրի սպասվող հաստատման ֆոնին, որը նախատեսված է այսօր:
Ըստ տեղական լրատվամիջոցների՝ գյուղմթերք արտադրողներն արգելափակել են առնվազն 16 առանցքային տրանսպորտային հանգույց և սահմանային անցակետ:
Նման բողոքի ակցիաներ ԵՄ երկրներում անցկացվել են ամբողջ 2024 թվականի ընթացքում։ Եվրոպացի ֆերմերները մտավախություն ունեն, որ «Մերկոսուրի» հետ համաձայնագիրը կհանգեցնի Լատինական Ամերիկայի երկրներից ավելի էժան գյուղմթերքի ներհոսքի, որն արտադրվում է ավելի ցածր սանիտարական և բնապահպանական չափորոշիչներով: Նրանց կարծիքով, դա կուժեղացնի «անազնիվ մրցակցությունը» եվրոպական ֆերմերների արտադրած գյուղմթերքի հետ։
«Մերկոսուրը» հարավամերիկյան տնտեսական կառույց է, որում ներառված են Արգենտինան, Բրազիլիան, Ուրուգվայը, Պարագվայը և Բոլիվիան: Միավորման անդամ երկրների բնակչությունը կազմում է մոտ 300 միլիոն մարդ, իսկ «Մերկոսուրի» երկրների ՀՆԱ-ն հավասար է տարածաշրջանի ազգային համախառն ներքին արդյունքի ավելի քան 75%-ին։
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է ԵՄ ապագա յոթնամյա բյուջեի միջոցներն ուղղել գյուղատնտեսության աջակցությանը: Սակայն այս հավաստիացումները չեն ազդել ցուցարարների դիրքորոշման վրա։ Բողոքի ակցիաների մասնակիցները նաև նշում են, որ նման մոտեցումը կարող է սահմանափակել Եվրահանձնաժողովի հաջորդ՝ 2029-2034 թվականների կազմի ֆինանսական հնարավորությունները: