Իրանում բողոքի զանգվածային ակցիաները շարունակվում են։ Մասնավորապես, այժմ երթեր են ընթանում Թեհրանում։
ԶԼՄ-ները իրարամերժ տեղեկություններ են հրապարակում ակցիաների մասշտաբի և բնույթի մասին։ Արևմտյան ԶԼՄ-ները պնդում են, որ անկարգություններն ընդգրկել են ամբողջ երկիրը, իրավապահ մարմինների աշխատակիցները ոչ միայն չեն կարողանում հաղթահարել բազմամարդ ակցիաները, այլև հաճախ անցնում են ցուցարարների կողմը: Մինչդեռ իրանական պետական ԶԼՄ-ները հերքում են ցուցարարների կողմից քաղաքների գրավման մասին հայտնվող տեղեկությունները և նշում, որ իրավիճակը գտնվում է իշխանությունների վերահսկողության տակ:
Ավելի վաղ Թեհրանի համալսարանի պրոֆեսոր Մոհամմադ Մարանդին զգուշացրել էր, որ Իրանում բողոքի ցույցերի կադրերը, որոնք հրապարակվում են համացանցում, հաճախ ստեղծվում են արհեստական բանականության օգնությամբ:
Հիշեցնենք, որ Իրանում բողոքի ցույցերը սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի վերջին՝ տեղական արժույթի ՝ իրանական ռիալի արժեզրկման պատճառով։ Այս ֆոնին Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Մոհամմադ Ֆարզինը հրաժարական է տվել։ Նրա փոխարեն նշանակվել է Աբդոլնասեր Հեմմաթին։ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճել են ոստիկանության հետ բախումների և ուղեկցվել են Իրանում ներկայիս քաղաքական համակարգի դեմ կարգախոսներով: Հաղորդվում է զոհերի մասին ինչպես ուժայինների, այնպես էլ անկարգությունների մասնակիցների կողմից: