ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի - Sputnik. Հայաստանը սպառազինություն է ձեռք բերում չկիրառելու հույսով։ Այսօր ԱԱԾ աշխատողի օրվան նվիրված միջոցառմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ ԱԱԾ ուժային կարողությունները պետք է զարգանան, և պետությունը դրա համար անում է հնարավորը։
«Բայց էլի եմ ասում՝ մեր ձեռք բերած սպառազինությունները, ռազմական տեխնիկան և այլն ձեռք ենք բերում չկիրառելու հույսով և նպատակով։ Սա շատ կարևոր է, որովհետև Ազգային անվտանգության ծառայությունը պետք է շատ հզոր ուժային բաղադրիչներ ունենա, հատուկ նշանակության զորքերը պետք է շատ մեծ կարողություններ ունենան, բայց ուժի կիրառման անհրաժեշտությունից խուսափելը պետք է լինի Ազգային անվտանգության ծառայության հիմնական անելիքը»,– ասել է Փաշինյանը։
Վարչապետն անդրադարձավ նաև ՀՀ-ում թմրանյութերի ապօրինի շրջանառությանը՝ ընդգծելով, որ չի կարելի մխիթարվել նրանով, որ դա ամբողջ աշխարհում առկա խնդիր է։
«Թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված խնդիրները լուրջ են։ Մենք պետք է հասկանանք, որ դա ազգային անվտանգության լրջագույն սպառնալիք է։ Ինչքա՞ն էներգիա պետք է ծախսենք 0,0... չգիտեմ ինչքան գրամ քարերի տակ դնողների վրա և ինչքա՞ն էներգիա պետք է ծախսենք այդ մեծ խմբաքանակները ներկրողների և հնարավոր տեղում արտադրություն կազմակերպողների վրա։ 10-10 գտանք, բայց պետք է կենտրոնանանք, քանի որ 5-6 փաթեթ, 5-6 հոգի գտնելով` մենք մեզ խաբում ենք. ակնհայտ է, որ այս շրջանառության մեջ կան կենտրոնացված կետեր»,– ասաց նա։
Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ պետք է կենտրոնանալ ներմուծման և արտադրական շղթաների բացահայտման վրա։