ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի - Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դիմել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիա՝ պարզելու, թե ինչ խնդիր է եղել դահուկավազորդ Միքայել Միքայելյանի կոստյումի վրա «Ադրբեջան» գրության և այն փակելու հետ կապված։ Այս մասին 2025 թվականի հաշվետու ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Մենք տեղյակ ենք միջադեպից։ Գրավոր հարցում ենք ուղարկել Հայաստանի ֆեդերացիային, որպեսզի առավել մանրամասն պարզաբանեն իրավիճակը։ Այդ պարզաբանումը ստանալուց հետո կհասկանանք մեր հաջորդ քայլերի ձեռնարկման նպատակահարմարությունը։ Իմ արձագանքը մեկն է՝ սպորտը պետք է լինի սպորտի մասին։ Կարևոր է, որպեսզի մարզական հրապարակում, մրցման ժամանակ հնարավորինս հետևենք արդար, ազնիվ սպորտի կանոններին»,- նշեց Անդրեասյանը։
Ֆեդերացիայից ցանկանում են պարզել՝ ինչ տուգանքի մասին է խոսքը, որակազրկում կարող է լինել, թե ոչ։
Հիշեցնենք, որ դահուկավազորդ Միքայել Միքայելյանը տուգանվել է FIS-ի կողմից՝ Tour de Ski-ի ժամանակ իր կոստյումի վրա «Ադրբեջան» գրությունը (մրցաշարը հովանավորում է Ադրբեջանը) կպչուն ժապավենով ծածկելու համար։
Դեպքը տեղի է ունեցել Իտալիայի Տոբլաչ քաղաքում՝ մրցարշավներից մեկի ժամանակ։ Դահուկավազքի կոստյումների վրա ադրբեջանական գովազդից բացի, Tour de Ski-ի ողջ ընթացքում ցուցադրվել են երկրի անունով մեծ գովազդային վահանակներ։
Միքայելյանի տուգանքի չափը չի նշվում։
Հավելենք՝ ՀՀ դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը հունվարի 6-ին հայտարարել է, որ ֆեդերացիան կվճարի այդ տուգանքը։