ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ-ն հետևում է Հյուսիսային Ատլանտիկայում ռուսական դրոշի ներքո նավարկող «Մարիներա» նավի վրա ԱՄՆ զինվորականների վայրէջք կատարելու մասին հաղորդագրություններին:
Հաշվի առնելով անձնակազմի անդամների թվում ռուսաստանցիների առկայության մասին տեղեկությունը՝ Մոսկվան Միացյալ Նահանգներից պահանջում է արժանապատիվ վերաբերմունք ցուցաբերել նրանց նկատմամբ, ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ դիվանագիտական գերատեսչությունից։
«Հաշվի առնելով անձնակազմում Ռուսաստանի քաղաքացիների առկայության մասին տեղեկությունները՝ ամերիկյան կողմից պահանջում ենք մարդասիրական և արժանապատիվ վերաբերմունք ապահովել նրանց նկատմամբ, անվերապահորեն պահպանել նրանց իրավունքներն ու շահերը, ինչպես նաև չխոչընդոտել նրանց շուտափույթ վերադարձին հայրենիք»,- հավելել են ԱԳՆ-ում։
Նավի կալանման մասին հայտնի է դարձել հունվարի 7-ին: Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 15:00-ին ԱՄՆ ռազմածովային ուժերը վայրէջք են կատարել լցանավի վրա, ինչից հետո վերջինիս հետ կապը կորել է: Միևնույն ժամանակ, ՌԴ տրանսպորտի նախարարությունը հայտարարել է, որ բաց ծովում «Մարիներա» նավի վրա ամերիկացի զինվորականների գտնվելը հակասում է Ծովային իրավունքի մասին ՄԱԿ-ի 1982 թվականի կոնվենցիայի նորմերին: Գերատեսչությունից նաև նշել են, որ նավը Ռուսաստանի դրոշի ներքո նավարկելու ժամանակավոր թույլտվություն էր ստացել անցյալ տարվա դեկտեմբերի 24-ին: