Իրանում անցկացվող բողոքի ակցիաների կադրերը, որոնք հրապարակվում են համացանցում, հաճախ ստեղծվում են արհեստական բանականության օգնությամբ։ RT–ի հետ զրույցում այս մասին ասել է Թեհրանի համալսարանի պրոֆեսոր Մոհամմադ Մարանդին:
Նրա խոսքով՝ մայրաքաղաքի փողոցներում իրավիճակն այժմ հանգիստ է։
Մարանդին հավելել է, որ Իրանում սկսված բողոքի ցույցերը սկզբում խաղաղ են ընթացել, բայց երկրորդ օրը ցուցարարների շարքերում սադրիչներ են հայտնվել:
«Օտարերկրյա հետախուզությունն օգնում է այդ ջարդարարներին, որպեսզի սերմանի տարաձայնություններ, վախ, ինչպես նաև սպանություններ հրահրի։ Այս պահին արդեն ոստիկանության երեք կամ չորս աշխատակից է սպանվել»,– ասել է փորձագետը:
Բողոքի ակցիաների առաջացման հիմնական պատճառը, ըստ պրոֆեսորի, տնտեսական ճգնաժամն է եղել, որը ԱՄՆ պատժամիջոցների հետևանքով է առաջացել։
Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Իրանի ԿԲ-ի տվյալներով՝ գնաճի տարեկան ցուցանիշը հասել է 38,9 տոկոսի, ազգային արժույթը կտրուկ արժեզրկվել է։ Մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերածվել են ոստիկանության հետ բախումների։