ՀՀ հյուպատոսությունը շարունակում է աշխատել Հալեպում. ի՞նչ է պետք անել հարցերի դեպքում

Գլխավոր հյուպատոսությունը նշել է այն հեռախոսահամարները, որոնցով քաղաքացիներն անհրաժեշտության դեպքում կարող են կապ հաստատել աշխատակիցների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Հայաստանի հյուպատոսությունը շարունակում է իր գործունեությունը Հալեպում։ Տեղեկությունը հայտնում է Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հալեպում իրավիճակը սրվել է, գնդակոծվում են քրդաբնակ Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիա շրջանները, բախումներ են սկսվել Սիրիայի անցումային կառավարության զորքերի և քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» ջոկատների միջև:
«Տեղեկացնում ենք, որ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում է իր գործունեությունը՝ ծառայություններ մատուցելով ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներին: Հյուպատոսական ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում գործում են Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության հեռախոսահամարները՝ +963 964 422 005, +963 942 000 690»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` հունվարի 6–ին «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) և Դամասկոսի կողմից վերահսկվող ուժերի միջև բախումներ են տեղի ունեցել, որոնց հետևանքով Հալեպում 4 մարդ է զոհվել, 26-ը` վիրավորվել: