ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարությունը հայտարարել է, որ Իսլանդիայի և Ֆարերյան կղզիների արանքում կալանել է ռուսական «Մարիներա» լցանավը։ Նավը կալանվել է Վենեսուելայի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցները «խախտելու» համար։
«Նավը կալանվել է Հյուսիսային Ատլանտիկայում ԱՄՆ դաշնային դատարանի օրդերի հիման վրա»,- ասված է X սոցիալական ցանցում ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարության էջում հրապարակված հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ «Fox News»-ը հայտնել էր, որ ԱՄՆ զինվորականները գտնվում են Ռուսաստանի դրոշի ներքո նավարկող նավթային լցանավում։
Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հստակեցրել է, որ նավը ՌԴ դրոշի ներքո նավարկելու ժամանակավոր թույլտվություն է ստացել դեկտեմբերի 24-ին։
«Մարիներա» լցանավը
© Photo
ԱՄՆ ԶՈւ Հարավային հրամանատարությունը հայտարարել է, որ Կարիբյան ծովի ջրատարածքում կալանել են նաև «Sophia» լցանավը, որն այս պահին տեղափոխվում է ԱՄՆ նավահանգիստ:
Ըստ համացանցում տարածված լուրերի` Վենեսուելայի ափերի մոտ գտնվող և ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ հայտնված հինգ լցանավեր իրենց դրոշները փոխարինել էին ռուսականով, որպեսզի խուսափեն կալանումից։
Հունվարի 6-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Մոսկվան տագնապով է հետևում ռուսական «Մարիներա» նավթային լցանավի շուրջ ստեղծված իրավիճակին, քանի որ նավը Հյուսիսային Ատլանտիկայի միջազգային ջրատարածքում է գտնվում միջազգային ծովային իրավունքի նորմերին համապատասխան։
Նախարարությունում ընդգծել էին, որ նավն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զինվորականների կողմից մեծ ուշադրության է արժանանում անհայտ պատճառներով, ինչն ակնհայտորեն անհամաչափ է նավի խաղաղ կարգավիճակին։ ՌԴ ԱԳՆ-ում նշել էին՝ Մոսկվան ակնկալում է, որ արևմտյան երկրները, որոնք հայտարարում են բաց ծովում նավարկության ազատության նկատմամբ իրենց հանձնառության մասին, այդ սկզբունքի կիրառումը կսկսեն հենց իրենցից։