ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի — Sputnik. Վենեսուելայի իշխանությունները հայտարարել են զինված ուժերի մոբիլիզացիա, իսկ նավթարդյունաբերության և այլ արտադրությունների աշխատակիցների համար սահմանվել է «ռազմական դրություն»։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով իրավական ակտերի պորտալում հրապարակված դեկրետին։
«Հրամայվում է բանակի անհապաղ մոբիլիզացիա ողջ երկրի տարածքում և ազգային հզորության առկա ներուժի օգտագործում՝ օտարերկրյա ագրեսիան հետ մղելու համար»,- ասված է հրամանագրում։
Փաստաթուղթն ուժի մեջ է հրապարակման պահից 90 օրվա ընթացքում։ Այն ստորագրել է նախագահ Մադուրոն՝ նախքան իր գերեվարվելը (ձերբակալվելը)։
Մինչդեռ, Վենեսուելայի նախագահն այժմ գտնվում է Նյու Յորքի դատարանում: Fox News-ի փոխանցմամբ` նա ներկայացել է իսպաներենով և դատավորին ասել, որ անմեղ է. «Ես Վենեսուելայի նախագահն եմ և ինձ համարում եմ ռազմագերի: Ինձ գերի են վերցրել Կարակասում գտնվող իմ տնից»: Այնուհետև դատավորը ընդհատել է Մադուրոյի ելույթը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ զինված ուժերը հունվարի 3-ին ավիահարված են հասցրել Վենեսուելային՝ գերի վերցնելով նախագահ Մադուրոյին և նրա կնոջը: Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն այժմ կկառավարի Վենեսուելան մինչև ԱՄՆ-ին հաճո կառավարության ձևավորումը: Կարակասը Վաշինգտոնի գործողությունները որակել է ռազմական ագրեսիա, և հայտարարվել է արտակարգ դրություն: Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը, Թրամփի` «անել այն, ինչ ուզում է ԱՄՆ–ն» պահանջից հետո հայտարարել է, որ Վենեսուելան ոչ մեկի գաղութը չի դառնա: