ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցին վտանգված է։ Ֆեսբուքյան էջում նման գրառում է կատարել փաստաբան, Մայր աթոռի շահերիպաշտպան Արամ Զոհրաբյանը` հրապարակելով տեսանյութ, թե ինչպես է կարգալույծ եղած Արամայիս (Թադե) Թախմազյանի փորձում մտնել ավանդատուն:
«Վերջին շրջանում նշված անձը գալիս էր Եկեղեցի և հագնելով քահանայական հագուստը` խանգարում էր Տեր Հայկ քահանա Սահակյանին ժամերգություններ կատարել»,– գրել է փաստաբանը։
Հունվարի 1-ին Թալինի քաղաքապետ, իշխող կուսակցության անդամ Տավրոս Սափեյանի և հենց Թախմազյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից հետո կարգալույծ արված նախկին հոգևոր հովիվը փորձել է մտնել ավանդատուն` պատճառաբանելով, թե հագուստ է ցանկանում վերցնել։
Իրավաբանը կարգալույծ քահանային հիշեցրել է, որ վերջինս այլևս իրավունք չունի մտնել այնտեղ, քանի որ զրկված է հոգևոր աստիճանից: Կարճատև բանավեճից հետո Թախմազյանը հեռացել է:
Զոհրաբյանը նաև հիշեցրել է Թալինի քաղաքապետ Սափեյանի հայտարարությունը հունվարի 6-ին Թախմազյանի կողմից Թալինի եկեղեցում «պատարագ» մատուցելու վերաբերյալ, սակայն զգուշացնում է, որ աշխարհիկ իշխանությունն իրավունք չունի միջամտել եկեղեցական գործերին, քանի որ դա քրեորեն պատժելի արարք է:
Հիշեցնենք, որ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում հոգևորականների կողմից կատարվելիք նռնօրհնեքի կարգը դոկտեմբերի 31-ին խոչընդոտվել է Թալինի համայնքապետի և տեղի կարգալույծ եղած նախկին հոգևորականի՝ Արամայիս Թախմազյանի կողմից։
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը հայտնել է նաև, որ 2026 թ. հունվարի 6-ին Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնին նվիրված Սուրբ պատարագին իր անձը պետք է ներկայացվի որպես Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու խաչքավոր և պնդել է, որ պատարագի ժամանակ պետք է զեղչվի Ամենայն հայոց կաթողիկոսի անունը: