Մադուրոն դեկտեմբերին մերժել է Թրամփի վերջնագիրը և հրաժարվել է մեկնել Թուրքիա. ԶԼՄ

Մի քանի շաբաթ առաջ ամերիկացի պաշտոնյաները կողմնորոշվել են Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսի թեկնածության հարցում՝ որպես Մադուրոյին փոխարինողի, ասվում է հրապարակման մեջ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի — Sputnik. Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն 2025 թվականի դեկտեմբերի վերջին մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջնագիրը՝ հրաժարվելով լքել պաշտոնը և արտաքսվել Թուրքիա, հայտնում է New York Times թերթը՝ վկայակոչելով բանակցություններին մասնակցած ամերիկյան և վենեսուելական աղբյուրներին։
«Մադուրոն դեկտեմբերի վերջին մերժել է նախագահ Թրամփի վերջնագիրը, որով նրանից պահանջվում էր թողնել պաշտոնը և աքսորվել Թուրքիա», – ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ մի քանի շաբաթ առաջ ամերիկացի պաշտոնյաները կողմնորոշվել են Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսի թեկնածության հարցում՝ որպես Մադուրոյին փոխարինողի, առնվազն որոշ ժամանակով:
Քննարկումներին մասնակցած աղբյուրները պարբերականին հայտնել են, որ միջնորդները կարողացել են Թրամփի վարչակազմին համոզել, որ Ռոդրիգեսը կպաշտպանի և կաջակցի Վենեսուելայի էներգետիկ ոլորտում ամերիկյան ապագա ներդրումներին:
Հիշեցնենք` հունվարի 3-ին ԱՄՆ-ն օդային հարձակում է գործել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի վրա. պայթյուններ են հնչել քաղաքի տարբեր շրջաններում, Կարակասի ռազմակայաններում, ինչպես նաև Մայկետիա քաղաքում տեղակայված՝ Սիմոն Բոլիվարի անվան օդանավակայանում և «Լա Գուայրա» նավահանգստում:
Մադուրոյին առևանգելու արտակարգ ռազմական գործողությունը կոչվել է «Կեսգիշերային մուրճ», այն շարքից հանել է Վենեսուելայի բոլոր ռազմական հնարավորությունները: Թրամփը հայտարարել է, որ Մադուրոն և նրա կինը ԱՄՆ-ում կկանգնեն ամերիկյան արդարադատության առջև և «կզգան դրա ողջ ուժը»: Ավելի ուշ Սպիտակ տան տերը նաև հայտարարել է, որ Վենեսուելայում ժամանակավոր ամերիկյան վարչակազմ կհաստատվի, նախքան այնտեղ պայմաններ կստեղծվեն իշխանության խաղաղ և արդար փոխանցման համար: