ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի-Sputnik. Վենեսուելայում գործողություն իրականացնելու համար ԱՄՆ-ի Կոնգրեսի թույլտվությունը չի պահանջվել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Լրագրողը Ռուբիոյին հարցրել է, թե ինչու ԱՄՆ իշխանությունները Կոնգրեսի հավանությունը չեն խնդրել Կարակասում գործողությունների համար։
«Դա պետք չէր, քանի որ դա ներխուժում չէր։ Մենք չենք օկուպացրել երկիրը։ Դա ձերբակալման գործողություն էր։ Սա իրավապահ մարմինների գործողություն է։ Նա (Մադուրոն – խմբ.) ձերբակալվել է Վենեսուելայի տարածքում ՀԴԲ գործակալների կողմից, նրան ընթերցել են նրա իրավունքները և դուրս բերել երկրից», – հայտարարել է Ռուբիոն NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Հիշեցնենք` հունվարի 3-ին ԱՄՆ-ն օդային հարձակում է գործել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի վրա. պայթյուններ են հնչել քաղաքի տարբեր շրջաններում, Կարակասի ռազմակայաններում, ինչպես նաև Մայկետիա քաղաքում տեղակայված՝ Սիմոն Բոլիվարի անվան օդանավակայանում և «Լա Գուայրա» նավահանգստում:
Մադուրոյին առևանգելու արտակարգ ռազմական գործողությունը կոչվել է «Կեսգիշերային մուրճ», այն շարքից հանել է Վենեսուելայի բոլոր ռազմական հնարավորությունները: Թրամփը հայտարարել է, որ Մադուրոն և նրա կինը ԱՄՆ-ում կկանգնեն ամերիկյան արդարադատության առջև և «կզգան դրա ողջ ուժը»: Ավելի ուշ Սպիտակ տան տերը նաև հայտարարել է, որ Վենեսուելայում ժամանակավոր ամերիկյան վարչակազմ կհաստատվի, նախքան այնտեղ պայմաններ կստեղծվեն իշխանության խաղաղ և արդար փոխանցման համար: