ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի - Sputnik. Լեգիտիմ ցուցարարներին պետք է լսել և լուծել նրանց խնդիրները, սակայն ջարդարարների, ինչպես նաև թշնամական տարրերի դեմ, որոնք բողոքի ցույցերն օգտագործում են անկարգություններ հրահրելու համար, անհրաժեշտ են վճռական գործողություններ: Ինչպես հաղորդում է իրանական «Tasnim» գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին 2025 թվականի հունիսին Իսրայելի հետ 12-օրյա պատերազմի ժամանակ զոհվածների ընտանիքների անդամների հետ հանդիպման ժամանակ։ Հանդիպումը կազմակերպվել էր գեներալ Ղասեմ Սոլեյմանիի զոհվելու վեցերորդ տարելիցի կապակցությամբ։
Խամենեին հայտարարել է, որ ազգային արժույթի փոխարժեքի կտրուկ անկման դեմ առևտրականների բողոքի ակցիաները օրինական անհանգստության առիթ են, և նախագահն ու կառավարությունը ընդունում են խնդրի առկայությունը ու դրա լուծման ուղիներ են փնտրում:
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը նշել է` անընդունելի է, երբ ցուցարարների թիկունքում հայտնվում են սադրիչներ կամ թշնամական վարձկաններ, որոնք երկրի և իսլամի դեմ կարգախոսներ են վանկարկում: Խամենեիի խոսքով՝ նրանց հետ խոսելն անօգուտ է. պետք են վճռական գործողություններ։
Խամենեին կոչ է արել զգոն լինել երկրի թշնամիների դեմ, որոնք հսկայական միջոցներ են ծախսում Իրանում տարբեր միջոցներով կեղծ տեղեկություններ տարածելու համար:
Բարձր գնաճի և ազգային արժույթ ռիալի կտրուկ արժեզրկման պատճառով դեկտեմբերի վերջին Իրանի տարբեր քաղաքներում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել: Ցույցերի պատճառով նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտոնանկ է արել Կենտրոնական բանկի ղեկավարին։ Ավելի ուշ նա հայտարարել է, որ ցուցարարների պահանջներն օրինական են և կոչ է արել կառավարությանը իրավիճակը շտկելու համար միջոցներ ձեռնարկել:
Բողոքի ակցիաների ընթացքում բախումներ են սկսվել ցուցարարների և իրավապահների միջև։ Al-Jazeera հեռուստաալիքը, հղում անելով Իրանի պետական հեռուստատեսությանը, հայտնել է, որ երկրի արևմուտքում գտնվող Կուխդաշտ քաղաքում անվտանգության «Բասիջ» կամավորական ջոկատների անդամ է զոհվել։ Արևմտյան պարբերականները հայտնում են ցուցարարների շրջանում մի քանի զոհերի մասին, իրանական պաշտոնական աղբյուրներն ու լրատվամիջոցները չեն հաստատում այդ տեղեկությունները:
Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին պատասխան հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին, որը հայտարարել է, թե ԱՄՆ-ն պատրաստ է «պաշտպանել Իրանի քաղաքացիներին», եթե երկրի իշխանությունները նրանց դեմ ուժ կիրառեն: Արաղչին նշել է, որ Իրանի քաղաքացիները խաղաղ ցույցեր են անցկացնում, որոնց իրավունքն ունեն: Սակայն դրան զուգահեռ արձանագրվել են ոստիկանության բաժանմունքների վրա հարձակման դեպքեր։ Երկրի հատուկ ծառայությունները հայտարարել են մի քանի անձանց հայտնաբերման մասին, որոնք կապեր են պահպանում բախումների փորձեր հրահրող ոչ բարեկամական երկրների խմբավորումների հետ: