ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի - Sputnik. Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հրամանագիր է ստորագրել երկրում արտակարգ դրություն հայտարարելու մասին: Նա հայտարարել է, որ երկիրը ենթարկվել է ԱՄՆ-ի ռազմական հարձակումներին և կոչ է արել լատինաամերիկյան բոլոր կառավարություններին հանդես գալ ԱՄՆ-ի դեմ:
Հարվածներ Վենեսուելային
© Photo : Screenshot
«Այս հարձակման նպատակը ոչ այլ ինչ է, քան Վենեսուելայի ռազմավարական ռեսուրսների, մասնավորապես՝ նավթի և հանքանյութերի զավթման փորձը՝ փորձելով բռնի կերպով ոչնչացնել երկրի քաղաքական անկախությունը։ Նրանք չեն հաջողի։ Երկու հարյուր տարվա անկախությունից հետո ժողովուրդը և նրա օրինական կառավարությունը շարունակում են անսասան մնալ իրենց ինքնիշխանության և սեփական ճակատագիրը որոշելու անքակտելի իրավունքի պաշտպանության գործում», - ասվում է Մադուրոյի հայտարարության մեջ։
Վենեսուելայի կառավարությունը երկրի բոլոր հասարակական և քաղաքական ուժերին կոչ է անում ակտիվացնել զորահավաքային պլանները և դատապարտել հարձակումը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Վենեսուելայի մայրաքաղաքին, Կարակասում հարձակվել են նաև պաշտպանության նախարարի տան վրա:
Կարակասում հարվածի տակ են քաղաքացիական և ռազմական օբյեկտները, հայտարարությամբ է հանդես եկել Վենեսուելայի ԱԳՆ-ն: Վենեսուելայի զինված ուժերը դիրքավորվել են երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու համար։
«Վենեսուելան իրեն իրավունք է վերապահում օրինական ինքնապաշտպանության ՝ իր ժողովրդի և անկախության պաշտպանության համար», - հայտարարել է ԱԳ նախարար Իվան Խիլ Պինտոն:
Կարակասի փողոցներում զրահատեխնիկա է հայտնվել, լսվում են կրակոցներ։ Մարտական մեքենաները դուրս են բերվել նախագահական նստավայրից ոչ հեռու գտնվող փողոցներ։
Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ ԱՄՆ-ն հարվածել է նաև Վենեսուելայի նախկին առաջնորդ Ուգո Չավեսի դամբարանին՝ Կարակասում գտնվող Կուարտել դե լա Մոնտանյա շենքին։ Այս նախկին ռազմական թանգարանը Չավեսի մահից հետո վերածվել է դամբարանի։ Այնտեղ պահվում են նախկին առաջնորդի մասունքները։
Վենեսուելային սահմանակից Կոլումբիայի նախագահ Գուստավ Պետրոն կոչ է արել ՄԱԿ-ին և Ամերիկյան պետությունների կազմակերպությանը՝ Վենեսուելայում տիրող իրավիճակի պատճառով գումարել շտապ նիստ:
Հավելենք, որ CBS News-ի լրագրող Ջենիֆեր Ջեյկոբսը հայտնել է, որ Թրամփն անձամբ է հրաման տվել հարվածներ հասցնել Վենեսուելայի տարածքում գտնվող թիրախներին, այդ թվում՝ ռազմական օբյեկտներին:
Fox News-ի փոխանցմամբ` Սպիտակ տունը հաստատել է, որ ԱՄՆ-ն հարվածներ է հասցնում Վենեսուելային: