ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի - Sputnik. Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը գերեվարվել և դուրս են բերվել երկրից: նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Կարակասին հարվածներ հասցնելուց ժամեր անց Թրամփը «Truth Social» սոցցանցում գրել է, որ ԱՄՆ-ն հաջողությամբ լայնածավալ հարձակում է իրականացրել Վենեսուելայի և նրա առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի ուղղությամբ։
CBS-ը հաղորդում է, որ Մադուրոյին և նրա կնոջը գերի վերցնելու գործողությունն իրականացրել է ԱՄՆ զինված ուժերի էլիտար հատուկ նշանակության ջոկատը՝ «Դելտա ֆորսը»։
Հիշեցնենք` այսօր հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն օդային հարձակում է գործել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի վրա. պայթյուններ են հնչել քաղաքի տարբեր շրջաններում, Կարակասի ռազմակայաններում, ինչպես նաև Մայկետիա քաղաքում տեղակայված՝ Սիմոն Բոլիվարի անվան օդանավակայանում և «Լա Գուայրա» նավահանգստում:
Վենեսուելայի նախագահը արտակարգ դրություն է հայտարարել երկրում։ Վենեսուելային հասցված հարվածների հետևանքով զոհվել է երկրի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը։ Սպիտակ տունը հաստատել է հարձակումը։