ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Այսօր «Երևան» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է քրեական պատմություններով հայտնի Ռուստամ Ստեփանյանի` «Չաղ Ռուստամի» հայրը։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով՝ տղամարդն այդպես էլ գիտակցության չի եկել և մահացել է 13։00-ի սահմաններում։
Հիշեցնենք` դեկտեմբերի 31-ին հայտնի դարձավ, որ Երևանի Կոմիտասի 44 շենքի բակում կրակոցներ են հնչել, կա վիրավոր։ Դեպքի վայրում քրեական ու համայնքային ոստիկանները հայտնաբերել էին ռուսական համարանիշերով «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենա, որի դռան վրա հայտնաբերվել էր մոտ 9 կրակոցի հետք, իսկ դեպքի վայրում՝ 12 կրակված պարկուճ։
Փամփուշտներից 3-ը դիպել էին Ռուստամ Ստեփանյանի հորը։
Հիշեցնենք` 2024 թվականի հունիսի 11-ին Երևանում սպանվեց «Ֆազ» մականունով 43-ամյա Սերգեյ Գրիգորյանը։ Հուլիսի 28-ին հայտնի դարձավ, որ սպանության կասկածանքով ձերբակալվել է քրեական հեղինակություն «Չաղ Ռուստամը»՝ Ռուստամ Ստեփանյանը։