ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի — Sputnik. 2025 թվականին մեր ժողովրդի կյանքի երկնակամարը ամպամած էր, նոր տարին առիթ է սրբագրելու այն, ինչը սխալ էր։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն ուղերձ է հղել Անթիլիասի Մայրավանքի այս տարվա առաջին պատարագի ընթացքում։
«Անցնող տարին մեր ժողովուրդի կյանքի երկնակամարը ամպամած էր, հատկապես Հայաստանի մեջ։ Մաղթանքս ու աղոթքս է, որ մեզնից հեռանան ամեն տեսակ մութ ամպեր, և մեր կյանքը լցվի գարունով, նոր մտածումներով։ Թող մեր կյանքը շաղախվի եղբայրական սիրով, ազգային, ընդհանրական և գերագույն արժեքներով ու իդեալներով»,-ասել է Արամ Ա-ն։
Նա մաղթանք է հղել, որ նոր տարին մեր ժողովորդի համար լինի նոր իրագործումներով ու հաջողություններով լեցուն տարի՝ Հայաստանից մինչև սփյուռք։
«Հետևաբար, թող Ամենակալը մեր հայրենիքը պահե հզոր, մեր ազգը՝ անսասան, մեր եկեղեցին՝ պայծառ և մեր ընտանիքները՝ երջանիկ։ Հիվանդներին պարգևի առողջություն , գործերին՝ հաջողություն և մեր ժողովուրդի սիրելի զավակներին՝ երկար, երջանիկ ու առողջ կյանք»,- եզրափակել է իր պատգամը Արամ Ա-ն։