ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի - Sputnik. Իրանի հարավ-արևմուտքում բողոքի ակցիաները վերաճել են ոստիկանության հետ բախումների, զոհվել է երկու մարդ, մի քանի իրավապահներ վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնում է իրանական «Fars» գործակալությունը։
Լրատվականի տվյալներով՝ միջադեպերը տեղի են ունեցել Չեխարմեխալ և Բախտիարիա նահանգի Լորդեգան քաղաքում: Ցուցարարներից ոմանք քարեր են նետել վարչական շենքերի և բանկերի ուղղությամբ՝ վնասելով մի շարք շինություններ։
Բախումները տեղի են ունեցել այսօր առավոտյան։ Ներկայում քաղաքում իրավիճակը կայունացել է։ Ցույցը ցրելու համար ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել։
Ավելի վաղ «Press TV» հեռուստաալիքը հայտնել էր Կուխդաշտ քաղաքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապ ունեցող կամավորի և «Բասիջ» կազմակերպության անդամի մահվան մասին:
Իրանում բողոքի զանգվածային ակցիաները սկսվել են դեկտեմբերի վերջին՝ ազգային արժույթ ռիալի կտրուկ արժեզրկման ֆոնին: Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն ու մեծածախ ու մանրածախ գների աճն էին։ Սոցցանցերում տարածվել են Թեհրանում և այլ քաղաքներում բողոքի ցույցերի տեսանյութերը։
Նշված իրադարձությունների ֆոնին Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Մոհամմադ Ֆարզինը հրաժարական է տվել։ Այդ պաշտոնում դեկտեմբերի 31-ին երկրի նախագահի հրամանագրով նշանակվել է Աբդոլնասեր Հեմմաթին։
Իրանում գնաճի մակարդակը բարձր է. երկրի ԿԲ-ի տվյալներով՝ տարեկան ցուցանիշը հասել է 38,9 -ի: Ազգային արժույթը կտրուկ անկում է ապրել. եթե մինչև 2018 թվականին միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալը դոլարի ոչ պաշտոնական փոխարժեքը կազմում էր մոտ 50 հազար ռիալ, ապա այժմ ազատ շուկայում այն հասնում է մոտ 1,4 մլն ռիալ: