ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի -Sputnik. Ամանորի գիշերը հրդեհ է բռնկվել Ամստերդամի պատմական կենտրոնից ոչ հեռու գտնվող գրեթե 150 տարվա պատմություն ունեցող եկեղեցում։ Տեղեկությունը հայտնում է NL Times թերթը:
Հաղորդվում է, որ հրդեհը սկսվել է կեսգիշերից անմիջապես հետո:
«Սա մոնումենտալ եկեղեցում բռնկված ուժեղ և սարսափելի հրդեհ է։ Մեր առաջնահերթ խնդիրն է ապահովել մոտակա տների անվտանգությունը», - հայտարարել է Ամստերդամի քաղաքապետ Ֆեմկե Հալսեման։
Հրդեհի հետևանքով արդեն փլուզվել է Վոնդելկերկ եկեղեցու աշտարակը։ Շրջակա տների բնակիչները տարհանվել են։ Արտակարգ ծառայությունների ներկայացուցչի խոսքով՝ մխացող ածուխները ցաքուցրիվ տարածվում են դեպի քաղաքի կենտրոն։
Վոնդելկերկ եկեղեցին կառուցվել է 1872 թվականին և ավելի քան մեկ դար ծառայել է որպես կաթոլիկ տաճար։ Այնուհետև եկեղեցու շինությունն օգտագործվել է հանդիսավոր միջոցառումների համար։
Եկեղեցին կառուցվել է հայտնի ճարտարապետ Պիտեր Կեյպերսի կողմից, որը հայտնի է նաև Ռեյկսմուզեումի և Ամստերդամի կենտրոնական կայարանի նախագծերով։ Այն գտնվում է Ամստերդամի ամենամեծ քաղաքային զբոսայգու՝ Վոնդելպարկի եզրամասում։