2026 թ–ից քաղաքացին կարող է անվճար շտապօգնություն կանչել տարեկան ոչ ավելի, քան 8 անգամ

Տարեկան 8 կանչից ավելիի դեպքում շտապօգնության համար քաղաքացին կվճարի 10.000– 15.000 դրամ` կախված համայնքից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. Առողջապահության համընդհանուր ապահովագրության փաթեթով քաղաքացին կարող է տարեկան ոչ ավելի, քան 8 անգամ շտապօգնության կանչ գրանցել և ստանալ անվճար բուժօգնություն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հանրապետական շտապօգնության ծառայության տնօրեն Սահակ Հակոբյանը։
Ինչպես հայտնի է, 2026 թ. հունվարի 1–ից ՀՀ քաղաքացիները կներառվեն առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրական համակարգում։
Հակոբյանի խոսքով` գոյություն ունեն բազմաթիվ բացառություններ, որոնք շտապօգնության տրամաբանության մեջ են։
«Ես ձեզ վստահեցնում եմ, որ ոչ մի կանչ անպատասխան չի մնա, և եթե շտապօգնության կանչը տրամաբանության մեջ է, ապա այն անպայման կսպասարկվի աշխատախմբի կողմից։ Իսկ եթե կանչը շտապօգնության տրամաբանությունից դուրս է, ապա այն կուղղորդվի համապատասխան առողջապահական օղակներ»,–ասաց Հակոբյանը։
Նա մանրամասնեց, որ 8 զանգից ավելիի դեպքում շտապօգնության կանչի գումարը տարբեր համայնքներում տարբեր է` 10.000– 15000 դրամի շրջանակում։
Հակոբյանը շեշտեց, որ շատ քաղաքացիներից ստանում են նաև շտապօգնության անտեղի կանչեր։ 2026 թվականից իրենք նման կանչերը կփորձեն մերժել կամ որոշ դեպքերում կսահմանափակվեն խորհրդատվությամբ։
«Կանչեր ենք ունենում, որոնք բացարձակ շտապօգնության հետ որևէ աղերս չունեն։ Այսուհետ այդ զանգերի սպասարկումը կփորձենք մերժել։ Մենք ունենք «թոփ հաճախորդներ», որոնք որ տարեկան միջինում 500– 600 կանչ են գրանցում։ Մենք ունենք մի հաճախորդ, որը 1200– ից ավել կանչ է արել»,–ասաց նա։
ՀՀ–ում արտակարգ իրավիճակների դեպքում այսուհետ կգործի 11–2–ը հեռախոսահամարը
Անդրադառնալով 2026 թվականից սպասվող գլոբալ փոփոխություններին` Հակոբյանը նշեց, որ դրանցից ամենակարևորն այն է, որ Երևանում ստեղծվելու է մեկ միասնական զանգերի կենտրոն, որը 1.03 հեռախոսահամարով սպասարկելու է ողջ հանրապետությունից եկող զանգերը (այդ թվում` Երևանից) և ուղղորդելու է համապատասխան մոտակա աշխատախմբին։
«Կարծում եմ, որ առաջիկա 6 ամիսների ընթացքում այն կկառուցվի, և մենք կունենանք արդեն 2-րդ օպերատիվ կառավարման կենտրոնը հանրապետությունում (առաջինը գործում է Գյումրիում և սպասարկում է Տավուշի, Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզերը): 2026 թվականի 2-րդ կիսամյակից հետո մենք կկառուցենք նաև Սյունիքում 3-րդ զանգերի կենտրոնը, որը կսպասարկի Վայոց Ձորի և Սյունիքի մարզերը»,–ասաց նա։
Հակոբյանի խոսքով` երեք կենտրոններն էլ համաժամանակյա են աշխատելու, և եթե հանկարծ օպերատորը քաղաքացու զանգին 3-րդ ազդանշանից հետո չպատասխանի, ապա զանգը «կտեղափոխվի» Երևան, իսկ քաղաքացին չի զգա, թե թե ինքը որտեղ է միացել , քանի որ սպասարկման առումով տարբերություն չի լինելու։
Երևանի Շտապօգնության ծառայությունը ամռանը կհամալրվի 7 նոր մեքենայով. մրցույթը կայացել է
Հանրապետական շտապօգնության ծառայության տնօրենը հիշեցրեց, որ կառավարության որոշումով 2025 թվականին ներքին գործերի նախարարության նախկին հոսպիտալը, որը գտնում է Ավանում, անցել է ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ։
Հենց այդտեղ է տեղակայվելու Շտապօգնության ծառայության կենտրոնակայանը, ինչպես նաև 1,03 զանգերի ընդունման կենտրոնը։
«Նախագիծը պատրաստ է, մրցույթը հայտարարված է, և հուսով եմ` առաջիկա օրերին կմեկնարկեն շինարարական աշխատանքները։ Ինչ վերաբերվում է 1–1–2 միասնական հեռախոսահամարի ներդրումանը հանրապետությունում, մեր մասով մենք ունենք վերապահում, քանի որ 1–03 հեռախոսահամարին պետք է պատասխանի բժիշկը և շատ դեպքերում նեղ մասնագետը, որովհետև նեղ մասնագիտական խորհրդատվություններ ենք իրականացնելու։ Ավանում կառուցելու ենք նաև տրիաժ կենտրոն, որտեղ որ լինելու են սրտաբաններ, նյարդաբաններ, ռեանիմատոլոգներ։ Այդ իսկ պատճառով մենք կարծում ենք, որ 1–03 հեռախոսահամարը պետք է լինի ու հենց շտապբուժօգնության հետ կապված»,–ասաց նա։
Անդրադառնալով շտապօգնության ծառայության թվայնացմանը` Հակոբյանը նշեց, որ նախատեսում են 2026 թվականին ավարտել գործընթացը։ Արդյունքում կսինքրոնացվի շտապօգնության և հիվանդանոցային ծառայությունների աշխատանքը։ Օրինակ` եթե X բուժառուն, որն ունի X հիվանդության պատմություն, զանգահարում է շտապօգնություն, բժիշկների խումբը տանը գնահատում է նրա վիճակը, բուժառուին նույնականացնում է և մինչև հոսպիտալացնելը հիվանդանոցն արդեն տեղեկություն է ունենում նրա մասին և պատրաստ է լինելում նրան ընդունելու։
Տուգանքից մինչև 2 տարվա ազատազրկում. ՔՕ նոր հոդվածը բժշկին կպաշտպանի բռնությունից