Ո՞րն է եղել ՀՀ – ՌԴ հարաբերությունների կամերտոնը․ դեսպան Կոպիրկինն ամանորյա ուղերձ է հղել

Դիվանագետը շեշտել է, որ Ռուսաստանը կենսականորեն շահագրգռված է Հարավային Կովկասում կայուն ու արդար խաղաղության և անվտանգության հաստատմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի - Sputnik. Անցնող տարում Հայաստանի և Ռուսաստանի միջպետական համագործակցության գործող մեխանիզմները շարունակել են համակարգված և հետևողական աշխատանքը։ Երկկողմ հարաբերությունների կամերտոնը եղել է երկու երկրների ղեկավարների միջև ակտիվ երկխոսությունը։ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն ամանորյա ավանդական ուղերձ է հղել հայ ժողովրդին՝ ամփոփելով տարվա արդյունքներն ու նախանշելով ապագայի ծրագրերը։
Հայաստանը ռուսաստանցիների համար Նոր տարվա ամենապահանջված ուղղությունների թվում է
Ռուս դիվանագետը շեշտել է, որ մեր երկու երկրները, աճող աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում բախվելով լուրջ մարտահրավերների, շարունակել են երկխոսությունը ծագած խնդիրների լուծման ուղիների և ռուս-հայկական հարաբերությունների հետագա զարգացման շուրջ բոլոր ուղղություններով՝ քաղաքականությունից և տնտեսությունից մինչև կրթություն ու մշակույթ։
«Տարվա արդյունքներով Ռուսաստանը պահպանել է Հայաստանի առաջատար տնտեսական և ներդրումային գործընկերոջ, հանրապետության էներգետիկ և պարենային անվտանգության երաշխավորի կարգավիճակը։ Դրանում պակաս դեր չի խաղացել նաև համագործակցությունը ընդհանուր ինտեգրացիոն միավորումների, նախևառաջ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, որի անդամակցությունը Հայաստանին բերում է շոշափելի տնտեսական օգուտներ»,- նշել է Կոպիրկինը։
Նրա խոսքով՝ երկու երկրների միջև հարաբերությունների հիմնասյուներից մեկը շարունակել են մնալ մշակութային, հումանիտար և համամարդկային շփումները։ Կոպիրկինը հիշեցրել է, որ 2025 թվականին մենք միասին նշել ենք Մեծ հաղթանակի 80-ամյակը՝ ընդգծելով, որ մեր պապերի ու նախնիների սխրանքը շարունակում է սրբազան լինել մեր ժողովուրդների համար։ Շեշտել է՝ այսօր մեր պարտքն է պահպանել և բազմապատկել ընդհանուր պատմական ժառանգությունը և փոխանցել ապագա սերունդներին։
«Ռուսաստանը կենսականորեն շահագրգռված է Հարավային Կովկասում կայուն ու արդար խաղաղության և անվտանգության հաստատմամբ, տարածաշրջանի երկրների դինամիկ զարգացմամբ և բարօրությամբ։ Պատրաստ ենք պահանջված ներդրում ունենալ Անդրկովկասում կայունության ամրապնդման, տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների և առևտրատնտեսական կապերի վերականգնման գործում»,- շեշտել է ռուս դիվանագետը։
ՀՀ և ՌԴ ժողովուրդների կապերը պահանջված են առավել, քան երբևէ. ՌԴ դեսպանի ուղերձը
Դեսպան Կոպիրկինը վստահություն է հայտնել, որ գալիք տարում կունենանք բոլոր հնարավորությունները ռուս-հայկական բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացման համար՝ ի բարօրություն մեր երկրների ժողովուրդների։