ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի - Sputnik. Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը 2 հոդվածի մասով կդադարեցվի: Տեղեկությունը հայտնում է փաստաբան Արամայիս Հայրապետյանը:
«ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով որոշում է կայացվել Վարդան Ղուկասյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդումը դադարեցնել՝ մեղսագրված արարքը չկատարելու հիմքով»,- նշել է փաստաբանը:
Հայրապետյանը նաև հայտնել է, որ նույն այդ որոշմամբ որոշվել է նաև Վարդան Ղուկասյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հանրային քրեական հետապնդում չհարուցել՝ մեղսագրված արարքը չկատարելու հիմքով։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժեցին Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Հոկտեմբերի 21-ի առավոտյան Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվեց 2 ամսով։ Դեկտեմբերի 17-ին նրա կալանքը երկարաձգեց ևս 3 ամիս ժամկետով:
Մինչ այդ` հոկտեմբերի 26-ին, հայտնի դարձավ, որ Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել Հայաստանի` այլ երկրների հետ միություն կազմելու վերաբերյալ մտքերի համար։ ՔԿ–ն նոյեմբերի 21-ին հայտնեց, որ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև ՔՕ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը)։
Քրեական հետապնդումը դադարեցվել է վերջին 2 մեղադրանքների մասով։