ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի — Sputnik. Այսօր` դեկտեմբերի 30–ին, Թուրքիայի 21 նահանգներում ուժայինները ձերբակալել են «Իսլամական պետություն» (ԻՊ*) խմբավորմանն անդամակցելու մեջ կասկածվող 357 անձի: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան:
Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ հակաահաբեկչական գործողության շրջանակներում այսօր ձերբակալվել է 110 կասկածյալ, այդ թվում` Ամանորին ահաբեկչություններ նախապատրաստողներ: Անցյալ շաբաթ դատախազությունը հայտարարել էր ԻՊ*-ի կոչով Սուրբ ծննդյան և Ամանորի տոներին Թուրքիայում ահաբեկչություններ ծրագրելու մեջ կասկածվող 137 անձի կալանավորման օրդեր տրամադրելու մասին. 115-ն արդեն ձերբակալվել են:
«21 նահանգում իրականացված գործողության ընթացքում ոստիկանությունը ձերբակալել է ԻՊ-ին անդամակցելու մեջ կասկածվող 357 անձի», - X միկրոբլոգում գրել է նախարարը։
Գործողությունն իրականացվել է նաև Յալովայում (որտեղ դեկտեմբերի 29–ին վերացվել էր գրոհայինների բջիջը), ինչպես նաև Ստամբուլում, Անկարայում և Անթալիայում:
Դեկտեմբերի 29–ին Թուրքիայի Յալովա նահանգում ոստիկանները ոչնչացրել են ԻՊ-ի 6 գրոհայինի: Բախումների հետևանքով զոհվել է 3 իրավապահ, ևս 8 վիրավորվել են: Հակաահաբեկչական գործողությունը տևել է գրեթե 8 ժամ, ձերբակալվել է հինգ կասկածյալ:
Ամանորին ահաբեկչությունների վտանգի ֆոնին Ստամբուլի իշխանություններն այսօր հայտարարել են, որ արգելել են բեռնատարների մուտքը քաղաքի 8 շրջան, այդ թվում՝ կենտրոնական: Կուժեղացվեն ստուգումները առևտրի կենտրոններում, օդանավակայաններում և մարդկային կուտակումների այլ վայրերում:
*ԻՊ-ն (Իսլամական պետություն) ահաբեկչական կազմակերպություն է, որն արգելված է մի շարք երկրներում։