Գրավ և տնային կալանք. Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվել է

Սամվել Կարապետյանը կալանավորված էր հունիսի 18-ից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Դատարանը փոխել է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի խափանման միջոցը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նրա պաշտպանական խմբի անդամ Արմեն Ֆերոյանը։
«Կալանքը փոխարինվել է գրավով և տնային կալանքով»,– ասաց նա։
Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։
Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։
Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, նրան նոր մեղադրանք է առաջադրվել։ Մասնավորապես ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։