Ռուբեն Վարդանյանի գործով «դատական նիստը» հետաձգվել է

Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում. Արխիվային լուսանկար
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ պատճառը դատական կոլեգիայի խորհրդակցություն է ՀՀ մյուս «մեղադրյալների» գործով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի - Sputnik. Ադրբեջանի կողմից գերեվարված և կալանավորված Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ քրեական գործով այսօր նշանակված նիստը հետաձգվել է։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ նիստն անորոշ ժամանակով է հետաձգվել:
ԶԼՄ-ները գրում են նաև, որ պատճառը դատական կոլեգիայի մասնակցությունն է Հայաստանի մյուս «մեղադրյալների» գործով խորհրդակցությանը։
Ռուբեն Վարդանյանի գործով հերթական «դատական նիստը» հետաձգվել էր նաև դեկտեմբերի 26-ին։ Այդ ժամանակ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էր, որ Վարդանյանի պաշտպան Էմիլ Բաբիշովն էր միջնորդել առողջական խնդիրների պատճառով «նիստը» հետաձգել։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: