ՀԷՑ–ում խոշոր վթարի պատճառներն ուսումնասիրող 2 հանձնաժողով է ստեղծվել. Պետրոսյան

Ռոմանոս Պետրոսյանի խոսքով` պատճառները պարզելուց հետո հստակ գործողություններ կլինեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. ՀԷՑ–ի «Վարդաշեն» ենթակայանից բաշխվող էլեկտրաէներգիայի ավելի քան 2 օր տևած խափանման պատճառները պարզելու համար երկու հանձնաժողով է ձևավորվել։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
«Մեկը ձևավորվել է անվտանգության, վերահսկողության տնօրենության կազմում՝ տնօրենի գլխավորությամբ, երկրորդը՝ էներգետիկ տեխնիկական տնօրենության կազմում՝ տեխնիկական տնօրենի գլխավորությամբ։ Երկու հանձնաժողովները պետք է ներքին հետաքննություն իրականացնեն և՛ անվտանգային տեսակետից՝ հնարավոր արտաքին միջամտությունների, և՛ ներքին տեխնիկական էներգետիկ տեսակետից՝ պատճառների վերհանման համար»,– ասաց նա։
Պետրոսյանն այս պահին չհայտնեց, թե որն է նման խոշոր վթարի պատճառը՝ հավելելով, որ պատճառների վերհանումից հետո հստակ գործողություններ կհետևեն՝ կա՛մ պատժիչ միջոցներ, կա՛մ նոր համակարգի կներդվի։
Հիշեցնենք` դեկտեմբերի 27–ին` կեսգիշերին մոտ, հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի խճուղուց դեպի Էրեբունու թանգարան տանող ավտոճանապարհին 200 քմ տարածքում։ Մասամբ այրվել է էլեկտրական ենթակայանի գույքը: Հրդեհը մեկուսացվել է դեկտեմբերի 28–ի ժամը 00։53-ին, մարվել՝ 01։20-ին։
Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով Երևանում ամբողջական թաղամասեր էին հոսանքազրկվել: Էրեբունի վարչական շրջանում 2 օր հոսանք չկար։
Ենթակայանի վթարից հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է բոլոր հասցեներում