ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. ԵԱՏՄ-ն և ԱՊՀ-ն մրցակիցներ չեն. ինտեգրացիոն այս միավորումները լրացնում և ուժեղացնում են միմյանց։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
Նրա խոսքով՝ ԱՊՀ-ն լայն հարթակ է երկխոսության և բազմակողմ համագործակցության համար՝ հարցերի լայն շրջանակի վերաբերյալ․ քաղաքականությունից և անվտանգությունից մինչև տնտեսություն, մշակույթ և հումանիտար կապեր։
«35 տարվա ընթացքում մենք ստեղծել ենք ամուր իրավական հենք և անհրաժեշտ մեխանիզմներ նման փոխգործակցության համար և իրավամբ համարվում ենք «ինտեգրման լաբորատորիա», որի հիման վրա հետագայում առաջացան ավելի խորը ինտեգրման տեսակի միավորումները», - նշել է գլխավոր քարտուղարը։
Նա նշել է, որ ԵԱՏՄ-ն հենց այդպիսի խորը ինտեգրման արդյունք է, բայց կենտրոնացած հենց տնտեսության վրա։
«Տնտեսական ոլորտում դրա ավելի բարձր տեմպը օրինաչափ է. այն ի սկզբանե ստեղծվել է որպես ինտեգրացիոն նախագիծ, որը նախատեսում է անդրազգային իրավասություններ և ուղղված է միասնական շուկայի ստեղծմանը», - բացատրել է Լեբեդևը։
Նրա խոսքով՝ ԱՊՀ-ում ուշադիր ուսումնասիրում են ԵԱՏՄ-ի հաջող փորձը, այդ թվում՝ անարգել առևտրային միջավայրի ստեղծման և թվայնացման գործում։
Նա ընդգծել է, որ սա փոխադարձ և համակարգային գործընթաց է, որը հիմնված է կոնկրետ ծրագրի վրա։