ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցնցվել ու վրդովվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա ուկրաինական զինված ուժերի հարձակման փորձից: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ ասել էր, որ Կիևը դեկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը 91 ԱԹՍ-ով գրոհ է ձեռնարկել Ռուսաստանի նախագահի` Նովգորոդի մարզում գտնվող նստավայրի վրա: Նա նշել էր, որ այս հարձակումից հետո Ռուսաստանը մտադիր չէ դուրս գալ բանակցային գործընթացից, սակայն երկրի բանակցային դիրքորոշումը կվերանայվի:
«Մոսկվան ակնկալում է, որ ԱՄՆ–ն ըմբռնումով կմոտենա Ռուսաստանի քայլերին»,– ասել է Ուշակովը։
Նրա խոսքով` Պուտինի պետական նստավայրի վրա անօդաչուների հարձակումը ժամանակային առումով տեղի է ունեցել Մար-ա-Լագոյում ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցություններից անմիջապես հետո:
Ռուսաստանը կարգավորման մասով Ուկրաինայի առաջարկների մեջ տեսնում է պարտավորություններից խուսափելու նպատակով արված մեկնաբանություններ։
Թրամփի հետ զրույցում Պուտինն ընդգծել է, որ խաղաղության հասնելու համար Ռուսաստանը մտադիր է սերտորեն և արդյունավետ աշխատել ԱՄՆ-ի հետ: