Միրզոյանը խոսել է Ադրբեջանի հետ տարաձայնությունների և առևտրային համագործակցության մասին

Նախարարը նաև մեկնաբանել է ադրբեջանական բենզինի ներկրման հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակում են պահպանվել տարաձայնությունները մի շարք սկզբունքային հարցերի շուրջ։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով՝ կողմերին հաջողվել է կարգավորել զգալի թվով հարցեր, սակայն որոշ առանցքային թեմաների շուրջ դեռևս փոխըմբռնում ձեռք չի բերվել:
«Կան կարևոր հարցեր, որոնց շուրջ համաձայնություն չկա։ Մենք պետք է շարունակենք աշխատանքը»,- նշել է ԱԳ նախարարը։ Նման հարցերից մեկը Միրզոյանը համարել է Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու Բաքվի պահանջը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ բազմիցս ընդգծել էր, որ Հայաստանի Սահմանադրության նախատեսվող փոփոխությունները, որոնց մասին նա խոսում է 2020 թվականի փետրվարից, կապված չեն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ և պայմանավորված են բացառապես ներքին գործոններով: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագրի հղումը հանելուց հետո, որում Լեռնային Ղարաբաղի մասին կետ կա:
«Իրենք իրենց պատկերացումներն ունեն, մենք դրանք չենք կիսում, և այդ հարցի շուրջ դեռևս համաձայնություն չկա»,- ասել է Միրզոյանը ՝ մեկնաբանելով դա։
Նախարարը նաև հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի հետագա լրամշակման անհրաժեշտություն չկա: Նրա խոսքով՝ փաստաթուղթը համաձայնեցվել է 2025 թվականի մարտին և վավերացվել օգոստոսին։

«Հիմա հարցն այն է, թե արդյոք մենք պայմանավորվում ենք ստորագրման վայրի և ժամանակի մասին, թե ոչ։ Առայժմ պայմանավորվածություն չկա»,- հայտարարել է Միրզոյանը։

Նախարարը նաև մեկնաբանել է Հայաստան ադրբեջանական բենզինի ներկրման հարցը՝ նշելով, որ նման մատակարարումները շահավետ են հայ սպառողների համար: Միրոզյանի խոսքով՝ չնայած բոյկոտի կոչերին, ինքն անձամբ է տեսել հերթերը բենզալցակայաններում։ Ընդ որում, նշել է նախարարը, «իհարկե, ոչ բոլոր խնդիրներն են լուծված, և Բաքվի բանտերում մնում են ՀՀ քաղաքացիները»:
Դեկտեմբերի 19-ին Վրաստանի տարածքով տարանցմամբ Հայաստան է ժամանել Ադրբեջանից 22 վագոն՝ 1 218 տոննա ընդհանուր ծավալ բենզինով: Այս մատակարարումն առաջին ուղղակի առևտրային գործարքն էր Հայաստանի և Ադրբեջանի միջև անկախության շրջանում։