«Ես շատ բարկացա»․Թրամփը խիստ քննադատել է Պուտինի նստավայրի վրա հարձակումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը. Արխիվային լուսանկար
Թրամփն ընդգծել է, որ նման գործողություններն անթույլատրելի են:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետական նստավայրի վրա անօդաչուների հարձակման փորձի մասին իմացել է անմիջապես Ռուսաստանի առաջնորդից:
«Ես այդ մասին իմացել եմ այսօր առավոտյան։ Գիտե՞ք, թե ով է ինձ ասել: Նախագահ Պուտինն ինձ այդ մասին պատմել է վաղ առավոտյան։ Նա նշել է, որ հարձակման է ենթարկվել: Դա վատ է», - ասել է Թրամփը լրագրողներին։
Նրա խոսքով՝ հարձակումը տեղի է ունեցել չափազանց զգայուն պահի։ Թրամփն ընդգծել է, որ նման գործողություններն անթույլատրելի են:
«Մի բան է հանդուգն պահվածքը, և բոլորովին այլ բան՝ հարձակումը նրա տան վրա։ Դա սխալ քայլ է։ Չի կարելի դա անել»,-հայտարարել է նա Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ Մար-ա-Լագոյում կայացած հանդիպման ժամանակ։
ԱՄՆ նախագահը նաև խոստովանել է, որ շատ է բարկացել՝ իմանալով տեղի ունեցածի մասին:
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ դեկտեմբերի 29-ի գիշերը Կիևի ռեժիմը 91 անօդաչու թռչող սարքերով ահաբեկչական հարձակում է ձեռնարկել Նովգորոդի մարզում ՌԴ նախագահի նստավայրի վրա: Բոլոր ԱԹՍ-ները ոչնչացվել են ՀՕՊ միջոցներով, տուժածներ չկան։ Միևնույն ժամանակ, Լավրովի խոսքով, Ռուսաստանը մտադիր չէ դուրս գալ ԱՄՆ-ի հետ բանակցային գործընթացից, սակայն իր բանակցային դիրքորոշումը կվերանայի:
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը Դոնալդ Թրամփի հետ զրույցում ընդգծել է՝ պետական նստավայրի վրա հարձակման փորձն անպատասխան չի մնա: Ուշակովի խոսքով՝ ԱՄՆ նախագահը ցնցված և վրդովված է եղել տեղի ունեցածից:
Տեղի ունեցածի ֆոնին Թրամփը հիշեցրել է, որ Վաշինգտոնը հրաժարվել է Ուկրաինային «Tomahawk» հրթիռներ փոխանցելուց։ Ուշակովի խոսքով՝ Պուտինի հետ զրույցում Թրամփը նաև ընդգծել է, որ նման սպառազինությունը Կիևին, փառք Աստծո, չի տրամադրվել: