ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի - Sputnik. Երևանում տրանսպորտային ցանցն ամբողջականացնելու համար դեռևս հարկավոր է 18-մետրանոց 249 ավտոբուս և 12-մետրանոց 30 տրոլեյբուս։ Այսօր ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նրա խոսքով՝ այս թվերի մեջ ներառված չեն գալիք տարի գնվելիք 45 տրոլեյբուսները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ավագանու վերջին նիստում քաղաքապետը, անդրադառնալով «Աջափնյակ» կայարանի կառուցման աշխատանքներին, ասել էր, որ կայարանի համար հատկացված գումարների մի մասն ուղղվել է տրոլեյբուսների գնմանը, և հաջորդ տարվա ապրիլ-մայիսին Երևանն ունենալու է 12-մետրանոց 45 նոր տրոլեյբուս։
«Սրանով կարող ենք ասել, որ վերգետնյա շարժակազմի տեսանկյունից հանրային տրանսպորտի ռազմավարությունը և մեր բարեփոխումն ավարտվում է։ Սրան գումարած՝ մի քանի դեպոներում մենք ունենք հիմնանորոգումներ. մի մասն արդեն իրականացվում է, մյուս մասը դեռ պետք է իրականացվի։ Ավտոբուսները, որոնք պլանավորում ենք գնել, էլեկտրական են, և մեզ որոշակի արդիականացում է հարկավոր»,– ասաց Ավինյանը։
Հարցին, թե քանի որ նոր ավտոբուսների շահագործումը ժամկետային է, ի՞նչ պետք է արվի, երբ այդ ժամկետն ավարտվի, քաղաքապետը պատասխանեց, որ ավտոբուսների շահագործման ժամկետը 10 տարի է։
«Իրենց ժամկետը լրանալուն համահունչ՝ պետք է փոխարինում տեղի ունենա նոր գնում իրականացնելու միջոցով։ Մեր ֆինանսական մոդելն այնպես պետք է կառուցվի, որ Երևանի քաղաքապետարանը ճիշտ ժամանակին նոր գնում իրականացնի»,– ընդգծեց Տիգրան Ավինյանը։
Խոսելով կանգառասրահներում տրանսպորտի ժամանակացույցը ցույց տվող էկրանների տեղադրման մասին՝ քաղաքապետը նշեց, որ ընտրվել են առավել ծանրաբեռնված կանգառները, որոնք հիմնականում Կենտրոն վարչական շրջանում են, արդեն իսկ 40 կանգառում դրանք տեղադրված են։