Սիրիայում ալավիների զանգվածային բողոքի ցույցեր են ընթանում, որոնց ցրելու ժամանակ մարդիկ են տուժել։ Միջազգային մամուլի փոխանցմամբ՝ ցույցերի պատճառը դեկտեմբերի 26-ին Հոմս քաղաքի ալավիների մզկիթում աղոթքի ժամանակ տեղի ունեցած պայթյունն է, որի հետևանքով զոհվել էր 8, վիրավորվել՝ 18 մարդ։
Պաշտոնատար անձինք հայտարարել են, որ նախնական հետաքննությունը ցույց է տալիս՝ պայթուցիկ սարքերը տեղադրվել են Հոմսում մզկիթի ներսում, սակայն իշխանությունները դեռ հրապարակայնորեն չեն հայտնել, թե ով է կասկածվում պայթյունը կազմակերպելու համար։ Կառավարության պաշտոնյաները թեպետ դատապարտել են մզկիթի վրա տեղի ունեցած հարձակումը և խոստացել են պատասխանատվության ենթարկել մեղավորներին, բայց դեռ որևէ ձերբակալության մասին հայտնի չէ, ինչն էլ զայրացրել է ալավիներին։
Զոհվածների հուղարկավորությունը նախօրեին էր, իսկ այսօր արդեն հազարավոր ցուցարարներ հավաքվել են ափամերձ Լաթաքիա և Տարտուս քաղաքներում, ինչպես նաև այլ բնակավայրերում:
Նոր ռեժիմի անվտանգության ուժերը խոչընդոտում են ցուցարարներին, իսկ Սիրայի առաջնորդ Ահմեդ ալ-Շարաանի կողմնակիցներն էլ քարեր են նետում ցուցարարների ուղղությամբ։
Սիրիայի պետական հեռուստատեսության հաղորդմամբ՝ Տարտուսի շրջանում անվտանգության ուժերի երկու աշխատակիցներ վիրավորվել են այն բանից հետո, երբ ինչ-որ մեկը ձեռքի նռնակ է նետել ոստիկանական բաժանմունքի ուղղությամբ, իսկ Լաթաքիայում հրկիզել են անվտանգության ուժերին պատկանող ավտոմեքենաներ: