Հնդկաստանն ակնկալում է արագ ավարտին հասցնել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը

Հնդկաստանը վստահ է, որ դա ևս մեկ քայլ կդառնա առևտրային անհավասարակշռության վերացման գործում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի - Sputnik. Հնդկաստանն ակնկալում է սեղմ ժամկետում ավարտին հասցնել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի կնքումը։ ՌԻԱ Նովոստիի հետ հարցազրույցում այդ մասին հայտարարել է Ռուսաստանում Հնդկաստանի դեսպան Վինայ Կումարը։
«Բանակցությունները մեկնարկել են նոյեմբերին, առաջին փուլն արդեն կայացել է: Ես կասեի, որ երկու կողմերից էլ հստակ պատկերացում կա, թե մենք ինչի ենք ուզում հասնել, և երկու կողմերն էլ այդ նպատակին հասնելու քաղաքական կամք ունեն։ Այնպես որ, մենք ակնկալում ենք արագ արդյունք»,- ասել է դեսպանը։
Նրա խոսքով՝ Հնդկաստանում վստահ են, որ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի կնքումը կօգնի հաղթահարել անհավասարակշռությունը երկկողմ առևտրում՝ ավելացնելով հնդկական արտահանումը:
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ բանակցությունները կարագացվեն, որպեսզի մենք հնարավորինս շուտ կարողանանք օգտվել ազատ առևտրի ռեժիմից։ Դա ևս մեկ քայլ կդառնա առևտրային անհավասարակշռության վերացման գործում»,- եզրափակել է դիվանագետը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ բանակցությունների արդյունքում հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Հնդկաստանն աշխատում են Նյու Դելիի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու ուղղությամբ։
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից։ Միության անդամներ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։
2026 թվականին ԵԱՏՄ-ում նախագահությունը Բելառուսից անցնում է Ղազախստանին։ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հաջորդ նիստը կկայանա մայիսի 28-29-ին Աստանայում։