ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Այսօրվանից Հայաստանում օդի ջերմաստիճանը կսկսի նվազել։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28-30-ին հանրապետության ողջ տարածքում կնվազի 5-7 աստիճանով»,– ասված է հաղորդագրությունում։
Ցերեկը Գեղարքունիքում, Արարատում, Վայոց Ձորում ու Սյունիքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ առատ։ Հանրապետության լեռնային մարզերի առանձին գոտիներում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Դեկտեմբերի 28-ից 30-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Երևանում այսօր ցերեկը թույլ ձյուն է սպասվում։ Մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 0-ից +2, գիշերը` -5-ից -7 աստիճանի սահմաններում։