Զելենսկու և եվրոպացիների զրույցը տեղի կունենա առանց Թրամփի. ԶԼՄ

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը այսօր կմասնակցի Թրամփի, Զելենսկու և եվրոպական առաջնորդների հետ բանակցություններին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների այսօրվա զրույցը տեղի կունենա առանց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցության: Տեղեկությունը հայտնում է «Reuters»-ը։
Ավելի վաղ գործակալությունը, հղում անելով Եվրահանձնաժողովի ներկայացուցիչներից մեկին, հաղորդել էր, որ կառույցի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենն այսօր կմասնակցի Թրամփի, Զելենսկու և եվրոպական առաջնորդների հետ բանակցություններին:

«Զելենսկին դեկտեմբերի 27-ին հեռախոսով կզրուցի Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և եվրոպական այլ առաջնորդների հետ», - ավելի ուշ հայտնել է գործակալությունը։

«Axios»–ի լրագրող Բարաք Ռավիդը, հղում անելով ուկրաինացի պաշտոնյաներին, երեկ հայտնել է, որ Թրամփը դեկտեմբերի 28-ին Ֆլորիդայի իր նստավայրում կհանդիպի Զելենսկու հետ:
Ավելի վաղ ԱՄՆ վարչակազմը հայտարարել էր, որ ուկրաինական կարգավորման վերաբերյալ ծրագիր է մշակել։ Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանը բաց է բանակցությունների համար և հավատարիմ է Անքորիջի հարթակում տեղի ունեցած քննարկումներին։
ՌԴ նախագահի` արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը դեկտեմբերի 20-21-ը Մայամիում բանակցել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի և ԱՄՆ նախագահի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ։
Դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Ուիտկոֆին և Քուշներին։ ԱՄՆ ներկայացուցիչների ռուսաստանյան այցը կապված էր Ուկրաինայի հարցով ԱՄՆ խաղաղության ծրագրի քննարկման հետ։ Պուտինի խոսքով՝ ամերիկյան կողմը 27 կետերը բաժանել է չորս փաթեթի և առաջարկել է առանձին քննարկել դրանք։
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը Կրեմլում կայացած բանակցություններն անվանել է շատ բովանդակալից՝ հավելելով, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի շփումները կշարունակվեն։ Միևնույն ժամանակ Ուշակովը նշել է, որ մարտադաշտում ՌԴ զինվորականների հաջողությունները դրական են ազդել բանակցությունների ընթացքի և բնույթի վրա։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել է, որ Կիևի ռեժիմը պետք է որոշում կայացնի և սկսի պայմանավորվել, քանի որ ռուսական զինուժի հարձակողական գործողությունների արդյունքում Կիևի որոշումների կայացման ազատությունը կրճատվում է, և հենց սա է Կիևի ռեժիմին խաղաղ կարգավորման հարկադրելու միջոցը, շարունակելն անիմաստ է և վտանգավոր Կիևի համար։
Զելենսկին պնդում է, որ առաջիկայում Թրամփի հետ հանդիպելու պայմանավորվածություն կա