Թուրքիան նոր առաջարկներ ու պահանջներ է ներկայացրել Հայաստանին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթի տեղեկություններով` պահանջներից մեկն այն է, որ Փաշինյանն անձամբ մեկնի Թուրքիա` փաստաթղթի ստորագրմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ԱՄՆ-ի ճնշումների ներքո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է փոխանցել իրենց նոր առաջարկները: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը` հղում անելով կառավարության իր աղբյուրներին։
Թերթը ներկայացրել է այդ առաջարկները:
«Այն է` 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը բաց կլինի դիվանագիտական անձնագիր ունեցողների, ինչպես նաև երրորդ երկրների քաղաքացիների համար, բայց Թուրքիան պատրաստ չէ բեռների համար բացել սահմանները։ Մի միջանկյալ կեսքայլ են որոշել անել` Վրաստանի տարածքով Թուրքիայից Հայաստան եկող բեռների ուղեկցող փաստաթղթերում վերջնական նպատակակետն այսուհետ նշվելու է Հայաստանը, այլ ոչ թե Վրաստանը, ինչպես նախկինում էր,– գրում է պարբերականը։
Ըստ լրատվամիջոցի` փոխանցվել է նաև, որ Թուրքիան երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրություն է մշակել, սակայն Անկարան պահանջում է, որպեսզի այդ փաստաթղթի ստորագրմանը Թուրքիա մեկնի անձամբ Փաշինյանը։
Զարգացումներ սպասվում են ոչ միայն Հայաստան-Ադրբեջան, այլև Թուրքիայի հետ սահմանին. վարչապետ
«Չնայած նման փաստաթղթերը, որպես կանոն, ստորագրում են արտաքին գործոց նախարարների մակարդակով, ոչ թե պետության ղեկավարների, բայց թուրքերը որոշել են մի ավելորդ անգամ նվաստացնել ՀՀ իշխանություններին` իջեցնելով ՀՀ վարչապետի կարգավիճակը»,– նշում է թերթը:
«Հրապարակի» տեղեկություններով` ևս մի պահանջ էլ Քըլըչը ներկայացրել է երկաթուղու թեմայով` պահանջել են, որ Հայաստանը շտապ կարգով երկաթուղու շինարարություն սկսի` Երասխից մինչև ադրբեջանական սահման և Ախուրիկից մինչև թուրքական սահման հատվածներում։

«Բայց քանի որ Հայաստանի բյուջեում նման ֆինանսական միջոցներ չկան, Փաշինյանին առաջարկվել է այդ գործը դնել ռուսական կողմի վրա` օգտվելով «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի պայմանագրից, որը գործում է մինչև 2038 թվականը: Մեր աղբյուրն ասում է, որ օրեր առաջ Փաշինյանի` Ռուսաստան մեկնելու հիմնական պատճառը դա էր»,– գրում է պարբերականը:

Հիշեցնենք` Փաշինյանը դեկտեմբերի 18-ին հայտարարեց, որ երկաթուղու` դեպի Ադրբեջան և Թուրքիա մի քանի հատվածների շտապ վերականգնման համար դիմել է Ռուսաստանին։ Դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում նա այդ թեման արծարծել է նաև Պուտինի հետ հանդիպման ժամանակ։
Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
2022 թվականի հուլիսին Վիեննայում համաձայնություն ձեռք բերվեց երրորդ երկրների քաղաքացիների համար բացել սահմանը և սկսել բեռների ուղիղ ավիափոխադրումներ, սակայն այդ պայմանավորվածությունները դեռ կյանքի չեն կոչվել։
2022 թվականի հունվարին Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։
2025 թվականի սեպտեմբերին Քըլըչը ժամանեց Հայաստան։ ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ կողմերը մտքեր են փոխանակել 2022 թ. հուլիսի 1-ի հանդիպման ընթացքում սահմանահատումների վերաբերյալ ձեռք բերված համաձայնության կյանքի կոչման շուրջ, հատուկ ներկայացուցիչները համաձայնել են արագացնել այս գործընթացը։