ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբը շնորհավորել է իր ավագ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին:
Երեկ Սպերցյանը ճանաչվել է Հայաստանի 2025 թվականի լավագույն ֆուտբոլիստ: Ակումբների ներկայացուցիչների և մարզական լրագրողների քվեարկության արդյունքում նա առաջ է անցել Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանից:
«Տարին Էդուարդի համար վառ էր ու արդյունավետ։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Սպերցյանին ճանաչել է տարվա լավագույն ֆուտբոլիստ: Շնորհավորում ենք մեր ավագին արժանի կոչման համար», - ասված է «Կրասնոդարի» հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ին Սպերցյանը ճանաչվել էր Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին կեսում «Կրասնոդարի» լավագույն ֆուտբոլիստ: