ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր Հայաստանի լավագույն ֆուտբոլիստին որոշելիս քվեարկել են իր օգտին: Նա այդ մասին գրառում է արել տելեգրամյան ալիքում։
Երեկ Սպերցյանը ճանաչվել է Հայաստանի 2025 թվականի լավագույն ֆուտբոլիստ: Ակումբների ներկայացուցիչների և մարզական լրագրողների քվեարկության արդյունքում նա առաջ է անցել Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանից:
«Ինձ համար մեծ պատիվ է ստանալ Հայաստանի 2025 թվականի լավագույն ֆուտբոլիստի կոչումը։ Անկեղծ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր քվեարկել են, հավատացել և աջակցել են ինձ այս ճանապարհին: Այս տարին հեշտ չէր, բայց հենց նման պահերն են նպաստում մեր կայացմանը։ Հատուկ շնորհակալություն Հայաստանի հավաքականին՝ թիմակիցներին, մարզչական շտաբին և բոլոր նրանց, ովքեր ամեն խաղում պայքարում են երկրի համար։ Հպարտ եմ, որ ինձ վստահված է ներկայացնել Հայաստանը միջազգային ասպարեզում»,- գրել է Սպերցյանը։
Ֆուտբոլիստը շնորհակալություն է հայտնել նաև երկրպագուներին, որոնց աջակցությունը զգացվում է նաև մարզադաշտի սահմաններից դուրս:
«Մենք շարունակում ենք աշխատել։ Ամեն ինչ նոր է սկսվում»,-նշել է հայ կիսապաշտպանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ին Սպերցյանը ճանաչվել էր Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին կեսում «Կրասնոդարի» լավագույն ֆուտբոլիստ: