Իրանից Հայաստան է ներմուծվել ավելի քան 7 կգ թմրամիջոց։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
«Մաքսանենգ ճանապարհով Հայաստան թմրամիջոց ներմուծելու, ապա այն իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով դեկտեմբերի 23-ին Նոյեմբերյանում ձերբակալվել են Երևանի բնակիչներ 50 և 29 տարեկան տղամարդիկ»,– ասված է հաղորդագրությունում։
Տղամարդիկ ասել են, որ նախապես պայմանավորվել են մի օտարերկրացու հետ և մաքսանենգ ճանապարհով ձեռք բերել 7 կգ մարիխուանա, ինչպես նաև այլ տեսակի թմրամիջոցներ, որոնք պետք է տեղափոխվեին այլ երկիր։
Քրեական վարույթ է նախաձեռնվել թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգության հոդվածների հատկանիշներով։
29-ամյա տղամարդու մեքենան խուզարկել են և 7 կգ 331 գ մարիխուանա հայտնաբերել։
Տղամարդիկ ձերբակալվել, ապա դատարանի որոշմամբ կալանավորվել են։
Քրեական վարույթի շրջանակում քննությունը շարունակվում է։