ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի - Sputnik. Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի բնակիչ 33-ամյա տղամարդը մաքսնանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ է ներկրել Հայաստան և զբաղվել դրանց իրացմամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
«Նոյեմբերի 13-ին` ժամը 16։00-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհին քրեական ոստիկանները կանգնեցրին նրա վարած մոտոցիկլետը: Նկատելով ոստիկաններին` նա դիմեց փախուստի` այդ ընթացքում նետելով 2 փաթեթ։ Հետապնդումը շարունակվեց մինչև Երևանի Աբովյան և Կորյունի փողոցների խաչմերուկ: Այստեղ նա ձերբակալվեց, իսկ մոտոցիկլետը տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 33-ամյա տղամարդու նետած փաթեթները, որոնք լցված են եղել մարիխուանայի նմանվող ընդհանուր 2 կգ-ից ավելի զանգվածով։
Տղամարդը կալանավորվել է, հանգամանքները պարզվում են։