ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ստացած պարգևավճարը պետական բյուջեի միջոցների հաշվին ընտրությունների մասնակցության ֆինանսավորում է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն ավելի վաղ հայտնել էր, որ դեկտեմբերին պատգամավորներին շուրջ 3 միլիոն դրամ գումար է փոխանցվել, բայց հստակ չգիտի` այդ գումարից որքանն է պարգևավճարը, քանի որ միաժամանակ ստացել են թե՛ դեկտեմբերի, թե՛ 2026 թ. հունվարի աշխատավարձը:
Ըստ Սարգսյանի` տեղեկություններ կան, որ ՔՊ–ական պատգամավորներն այս գումարի զգալի մասը մուտք են անում իրենց նախընտրական հիմնադրամի հաշվին։
«Այսպիսով ՔՊ–ական պատգամավորները պետական բյուջեից օրինական կերպով իրենց ընտրական ծախսերի ֆինանսավորման համար գումար են դուրս գրել։ Սրանից լավ փողերի լվացում կամ պետական միջոցների վատնո՞ւմ։ Ուզում եմ հասկանալ` արած ո՞ր լավ արարքի համար են պարգևավճար ստանում։ Իսկ ընդհանրապես աշխատավարձի չափը և 5 անգամ գերազանցող պարգևավճարը համատեղելի՞ են, օրենքով թույլատրելի՞ է նման բան։ Իշխանափոխությունից հետո սա պետք է քննության առարկա դառնա»,– ընդգծեց Սարգսյանը։
Ըստ նրա` այս իշխանություններն այնքան շատ կարմիր գծեր են հատել, այնքան անարդյունավետ ծախսեր են կատարել, բյուջետային վատնումներ են արել, որ սա ընդամենը մի դրվագ է։
«Մի տեղից 3 միլիոն ստանում են, տանում են, հաջորդ տեղը 1․5 մլն դրամ վճարում, 1․5 մլն դրամն էլ իրենց ամանորյա ծախսերին են թողնում։ Այսինքն՝ սա է ամենալուրջ կոռուպցիան ու պետական բյուջեի միջոցների հաշվին ՔՊ–ի ընտրությունների մասնակցության ֆինանսավորումը»,– ասաց Սարգսյանը։
Նա համոզված է, որ այս գումարների հատկացումը դժգոհության ալիք չի բարձրացնի հատկապես կենսաթոշակառուների շրջանում, որոնց թոշակն ավելանալու է անկանխիկ առևտրից ստացվող հետվճարների հաշվին։
«Դժգոհող մարդը առաջին հերթին պետք է դժգոհ լիներ Արցախի հանձնումից, Ջերմուկի օկուպացիայից, սակայն ոչ մի հարցում իրեն պատասխանատու չհամարեց»,– ասաց Սարգսյանը։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց՝ պետական ապարատը բարձր պարգևավճարներ է ստացել։ Նրա խոսքով՝ Հայաստանը հասել է այն կետին, որ պետական համակարգի ամբողջ բուրգում ներդրվի այս համակարգը։
«Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ տարեվերջին Ազգային Ժողովի կողմից տրված պարգևավճարն իրենց խմբակցության պատգամավորներն ուղղում են տարբեր խմբերի սոցիալական աջակցությանը։