ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Օտարերկրյա հեռուստառադիոծրագրերում ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը կարգելվի օրենքով։ ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել է ԲՏԱ նախարարության ներկայացրած «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը։
«Կսահմանվեն տեղեկատվական պաշտպանության իրավական մեխանիզմներ, որոնք թույլ կտան զսպել արտաքին ազդեցությունները Հայաստանի տեղեկատվական դաշտի վրա՝ ապահովելով ազգային անվտանգությանը համապատասխան վերահսկողություն և վերահսկելիություն»,– նշված է նախագծում։
Նախագծով կարգելվի նաև սահմանադրական կարգը բռնի տապալելու, պատերազմ քարոզելու, բռնություն և դաժանություն քարոզելու նպատակ հետապնդող բովանդակության տարածումը։
«Հստակեցվել են ցանցային օպերատորների նկատմամբ լիցենզիայի կասեցման և դադարեցման իրավական հիմքերը, չափանիշներն ու կիրառման մեխանիզմները։ Վերանայվել և խմբագրվել են նաև տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորների գործունեությանը վերաբերող պահանջները»,– նշված է նախագծում։
Օրենքի տուգանքներին վերաբերող բաժնում լրացումներ և փոփոխություններ են կատարվել, մասնավորապես, օրենքի խախտմամբ գործունեություն իրականացնելու դեպքերի մասով։ Նոր հոդված է ավելացվել, որը կարգավորում է ցանցային օպերատորի լիցենզիայի գործողության կասեցման և դադարեցման ընթացակարգը։