Թաիլանդի հետ բախումների ընթացքում Կամբոջայի բնակիչների շրջանում զոհերի թիվը հասել է 30-ի

Թաիլանդի և Կամբոջայի սահմանին ռազմական բախումները վերսկսվել են դեկտեմբերի 7-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Թաիլանդի հետ սահմանային հակամարտության սրման ֆոնին Կամբոջայի խաղաղ բնակիչների թվում զոհերի թիվը հասել է 30-ի։ Այս մասին հայտնում է Սինհուան՝ հղում անելով Կամբոջայի տեղեկատվության նախարար Նեթ Պհեակտրային։
Կամբոջա–Թաիլանդ հակամարտության պատճառով շուրջ 750 հազար մարդ լքել է իր տունը. ՄԱԿ
Թաիլանդի և Կամբոջայի սահմանամերձ շրջաններում ռազմական գործողությունները վերսկսվել են անցած հանգստյան օրերին։ Կողմերը միմյանց մեղադրել են հրադադարը խախտելու մեջ, Թաիլանդի օդուժը ավիահարվածներ է հասցրել Կամբոջային։

«Թաիլանդի հետ սահմանային հակամարտության հետևանքով Կամբոջայի խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թիվը հասել է 30-ի»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ևս 87 մարդ տուժել է։
Ավելի վաղ կամբոջական ԶԼՄ-ները հայտնել էին, որ սահմանի ամբողջ երկայնքով շարունակվում են թեժ մարտերը: Վերջին տվյալներով՝ երկրի սահմանամերձ նահանգների վրա թաիլանդական զինուժի հարձակումների պատճառով ավելի քան 54,5 հազար մարդ է լքել տները, իսկ Թաիլանդում ընդհանուր առմամբ տարհանվել է 400 հազար բնակիչ, որոնցից 125 հազարը ապաստանել են սահմանամերձ նահանգների ժամանակավոր տեղակայման կետերում:
Գարնանը Թաիլանդի և Կամբոջայի միջև սկսված սահմանային հակամարտությունը հուլիսի վերջին վերաճեց ինտենսիվ մարտական բախումների: Ռազմական գործողություններն ավարտվեցին ԱՄՆ-ի, Չինաստանի և 2025 թվականին ԱՍԵԱՆ-ը նախագահող Մալայզիայի միջնորդությամբ հրադադարի հաստատմամբ:
2025 թվականի հոկտեմբերի վերջին Թաիլանդի և Կամբոջայի առաջնորդները հակամարտության կարգավորման մասին հռչակագիր ստորագրեցին Կուալա Լումպուրում՝ ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովի շրջանակում։ Համաձայնագրի ստորագրմանը ներկա էր նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Կամբոջան փակել է Թաիլանդի հետ սահմանային բոլոր անցումները. ԶԼՄ